Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Երևանի 2800-ամյակին ժամանած գործընկեր քաղաքների ներկայացուցիչները ցանկանում են սերտացնել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել նաև Գերմանիայի Մուգգենստուրմի քաղաքապետ Դիտմար Սպաթը, Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզին, Մոսկվան ներկայացնող Արթուր Նիկիտյուկը և Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատվիրակությունների անդամները ունենում են և՛ պաշտոնական հանդիպումներ, և՛ մասնակցում են «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին:

«Մենք առաջին անգամ ենք Երևանում: ժամանել ենք Երևան 4 օրով: Հիանալի տպավորություններ ունեմ: Մեզ շատ է դուր գալիս Հայաստանը, հատկապես՝ Երևանը: Շնորհավորում ենք երևանցիներին մայրաքաղաքի 2800-ամյակի առթիվ: Մաղթում եմ բարգավաճում քաղաքին և ողջ երկրին: Ամեն ինչ հիանալի է, կազմակերպված է բարձր մակարդակով, մեզ ամեն ինչ դուր է գալիս»,- ասաց Արթուր Նիկիտյուկը:

Նա նշեց, որ հետաքրքրությամբ և սիրով մասնակցելու է բոլոր միջոցառումներին. «Հայերը պատվարժան ժողովուրդ են: Նախադրյալներ ենք ստեղծում ինչպես սոցիալական-հասարակական, այնպես էլ տնտեսական և առևտրային կապերը զարգացնելու համար: Ակնկալում ենք առաջիկայում Երևանի ներկայացուցիչներին հյուրընկալել մեր քաղաքում»:

Դիետմար Սպաթը ամեն տարի Երևանի տոնին գալիս է Հայաստան և շնորհավորում երևանցիներին: Այս անգամ էլ տոնական օրվա մեկնարկից առաջ պատվիրակության հետ նախ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղավ թանգարան-ինստտուտում. «Մեծ ազդեցություն գործեց ինձ վրա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, նախորդող և հաջորդող տարիներին, հատկապես հայերի վիշտն է, բայց նաև գերմանացիների և աշխարհի ժողովուրդների խորը վերքն է: Եկել եմ Երևան՝ մայրաքաղաքի տոնի միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի և Գերմանիայի միջև կապերը սերտացնելու համար: Ամեն տարի գալիս եմ և հանդիպում գործընկերներիս հետ՝ ավելի շատ տեղեկություն իմանալու, նոր գաղափարներ և ծրագրեր իրականացնելու համար»:

Երևանի քույր քաղաքներից Ամմանի ղեկավարությունը նույնպես մասնացկում է տոնակատարություններին: «Երկու օր է ինչ եկել ենք Երևան՝ Ամմանի քույր քաղաքը: Եկել ենք մեծ սիրով՝ մասնակցելու համար Երևանի 2800-ամյակին: Ամանի քաղաքապետարանից ամեն տարի մասնակցում են այս տոնակատարությանը: Մենք շատ հետաքրքրված ենք Հայաստանով, Երևանով: Ցանկություն ունենք ոչ միայն պահպանել մեր հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, այլ էլ ավելի շատ զարգացնել այն»,- Ամմանի կառավարիչ Օմար Էլ Լոուզին:

Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանը ևս տոնական միջոցառումներին մասնակցելուց զատ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Ես արդեն հանդիպել եմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Քննարկումը քաղաքներին առնչվող  տարբեր հարցերին էր առնչվում: Բեյրութ-Երևան քույր քաղաքների կապի ամրապնդումն է մեր հիմնական նպատակը: Բոլոր ոլորտներում և հարցերում պատրաստակամություն ենք հայտնել աջակցել միմյանց: Առաջիկայում ուղարկելու ենք նաև հրավերներ Երևանի քաղաքապետին, որպեսզի նա էլ գա Բեյրութ և մենք էլ ավելի խորացնենք և հստակեցնենք այն բոլոր առաջնային կետերը, որոնց ուղղությամբ զարգացնելու ենք մեր համագործակցությունը»,- ասաց Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ