Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում ԼՂ հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի  կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները տարբեր բանակցությունների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: «Այդ հարցին սովորաբար ես հետևյալ պատասխանն եմ տալիս՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Ես չեմ համարում, որ Հայաստանն առաջինը պետք է պատասխանի այդ հարցին: Չգիտես ինչու հենց իմ՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո ես զգում եմ, որ այդպիսի տրամաբանություն կա, որ չգիտեմ ով և որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը Հայաստանը պետք է պատասխանի: Հայաստանը չպետք է առաջինը պատասխանի այդ հարցին: Պատասխանը առնվազն պետք է լինի սինխրոնացված: Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Սա մի հարց է, որի պատասխանը պետք է ձևակերպվի սինխրոն: Ես ասել եմ, որ մենք ցանկացած իրավիճակում լինելու ենք համարժեք: Շատ կարևոր է իրավիճակին լինել համարժեք, և Հայաստանի կառավարությունը համարժեքության զգացումը երբեք չպիտի կորցնի»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով հիմնախնդրի կարգավորման շրջանակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դժվար է պատկերացնում հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման: «Սա նաև մի իրողություն է, որ մենք մեր բոլոր ելույթներում ընդգծում ենք, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն ունի անկյունաքարային նշանակություն կարգավորման համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Խոսելով հիմնախնդրի կարգավորման մեթոդաբանության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեր իրականության մեջ կա մի տարօրինակ ընկալում, որը երբեմն չենք նկատում: «Մեր մամուլում, քաղաքական գործիչների հայտարարություններում երբեմն այնպիսի երանգ է մտնում, որ տպավորություն է, թե որևէ մեկը մտածում է, թե Հայաստանում կարող է լինել կառավարություն, որը որոշի, որ ինքը թաքուն Արցախի հարցը  լուծելու է: Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե ինչպե՞ս է նույնիսկ ամենավատ իշխանությունը թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Ես առաջարկում եմ, որ մենք հրաժարվենք այդ դիսկուրսից, թե այս իշխանությունը որոշել է թաքուն ձևով ի վնաս հայ ժողովրդի լուծել Արցախի հարցը: Ես մի անգամ ասել եմ, ընդ որում, սա ասում եմ նաև բանակցությունների ընթացքում, եթե բանակցությունների ընթացքում կձևավորվի այնպիսի առաջարկ, երբ առաջին հերթին ինքս ինձ կկարողանամ համոզել, որ դա լավ տարբերակ է, ես կվերցնեմ այդ տարբերակը, կգամ կներկայացնեմ դա մեր ժողովրդին: Եվ ժողովուրդը ինքը կորոշի՝ ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ չի ուզում: Եթե ուզում է, շատ լավ, եթե չի ուզում, ես արդեն պետք է որոշեմ, թե ինչ պետք է անեմ: Դա արդեն ուրիշ հարց է: Ես առաջարկում եմ Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում այդ դավադրությունը հանել, բացառել, նման բան չի կարող լինել, որովհետև այդ հարցը հնարավոր չէ թաքուն լուծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հավելել է, որ այս հարցում  ամենակարևոր, ամենավճռական գործոնը Արցախի Հանրապետության իշխանությունների և Արցախի ժողովրդի դիրքորոշումն է: «Եթե նույնիսկ Հայաստանի ժողովուրդն ու սփյուռքն ասի, որ դա լավ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի, որ դա վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տարբերակ է: Արցախի ժողովուրդն այս խնդրի թիվ մեկ սեփականատերն է, և Արցախի ժողովրդի և իշխանության կարծիքը վճռական է կարգավորման տեսանկյունից: Մենք չենք մերժում բանակցությունները, բայց մենք ասում ենք, որ սա համազգային խնդիր է, և սա մենք պետք է բոլորս միասին լուծենք իմ ասած ձևով: Այսինքն, բացառված է, որ առանձին վերցրած իշխանությունը կարողանա այդ խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով»,- եզրափակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ