Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Շիրակում կիրականացվի ականային վտանգի իրազեկման ծրագիր


ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի  մարզում կիրականացվի ականային վտանգի իրազեկման ծրագիր: Այս մասին Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում  կայացած  հանդիպման ժամանակ  նշեցին  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանը, իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Ղուկասյանը ու ականների վտանգի իրազեկման եւ տուժածների աջակցության բաժնի մասնագետ Գյուլաննա Ֆերաքյանը:

Կենտրոնը ստեղծվել է 2011 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականին կառավարության որոշմամբ ճանաչվել է որպես ազգային մարմին։ Կենտրոնի գործառույթը հակաականային գործողություների իրականացումն է՝ հումանիտար ականազերծումը, ականից տուժած անձանց աջակցությունը, ականային վտանգի իրազեկումը, ականների, չպայթած զինամթերքի ոչնչացումը և քարոզչությունը։

Թեև  ականով  ու չպայթած  զինամթերքով աղտոտված տարածքներ  կան  Հայաստանի 4 մարզերում՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ՝   ընդհանուր 121 վտանգված տարածք, սակայն ականի պայթյունի հետևանքով քաղաքացիների մահվան  վերջին դեպքը գրանցվել է  Շիրակում՝ 2013 թվականին ապրիլի 4-ին,  մարզի Վահրամաբերդ համայնքում, երբ  ականի պայթյունի հետեւանքով 11 և 12  տարեկան տղաներ զոհվեցին: Մինչ այս  կենտրոնի կողմից Վահրամաբերդում  իրականացվել է համապատասխան դասընթաց, իսկ մարզի դպրոցներին տրամադրվել են հատուկ պաստառներ: Անհրաժեշտությունից ելնելով, սակայն, առաջիկայում իրազեկման դասընթացներ կիրականցվեն այլ համայնքներում ևս:

«Շիրակում կա խնդիրը, քանի որ այստեղ կա  ռազմաբազա, և բազային հարակից տարածքում կա 6 գյուղ: Մենք  որոշեցինք ականային վնասազերծման դասընթացներ անցկացնել այդ համայնքների  համարև ՌԴ դեսպանատան հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որպեսզի ռազմաբազայի զորավարժանքների տարածքների մոտ գտնվող համայնքներում, ռազմաբազայի ներկայացուցիչների մասնակցությամբ, համատեղ ականային վտանգի իրազեկման դասընթացներ իրականացվեն: Այս մասին խոսվել է նաեւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպման ընթացքում: Մարզպետը պատրաստակամ է աջակցել ցանկացած հարցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշեց Գայանե Սիմոնյանը՝ հավելելով, որ ռուսական ռազմաբազան իրենք չեն դիտարկում որպես ականապատված տարածք, այլ՝ որպես աղտոտված տարածք, թեև ուսումնավարժանքների ժամանակ կարող են դրվել ականներ, լինի նաև չպայթած զինամթերք:

Բացի իրազեկման անհրաժեշտությունից, կա նաև ականից տուժած անձանց տվյալների պարբերաբար թարմացման խնդիր։ Ընդհանուր առմամբ, կենտրոնի տվյալներով, հազարապետությունում 700 քաղաքացի տուժել է ականից:  Նրանք տուժել են արցախյան պատերազմի, ապրիլյան դեպքերի ժամանակ, տուժածների մեջ կան և՛ խաղաղ բնակիչներ, և՛ զինվորականներ։

Ըստ  որոշ  տվյալների՝  Շիրակի մարզում 1944 թվականից մնացած ականներ կան. 1944 թվականին վտանգ կար, թե Թուրքիան կարող է Խորհրդային Միության սահմանն անցնել Հայաստանով, այդ պատճառով տարածքն ականապատվել է։ Ըստ  որոշ տվյալների՝ այդ  տարածքում ականից 10 զոհ է արձանագրվել:

 

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ