Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային հնարավորություններով


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանն ընդունել է «Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին չինական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, չինական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, առանձնացրել Հայաստանում իրենց հետաքրքրությունների շրջանակը և նշել, որ կարող են համագործակցել թեյի, գինու արտադրության բնագավառում, տեքստիլ արդյունաբերության, շինանյութերի և հանքանյութերի ոլորտներում։ Նրանք նաև նշել են, որ շատ տպավորված են հայկական գինիներով, հատկապես նռան գինով, կարող են և ցանկանում են ավելի շատ գինի ներկրել Չինաստան, նաև մտադրություն ունեն Չինաստանում հիմնելու գինու գործարան և արտադրելու նռան գինի։

«Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույը նաև տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է Չինաստանում Հայաստանի դեսպանության հետ և ավելացրել, որ Հայաստան իրենց այս այցն այդ համագործակցության արդյունքներից մեկն է։

Ողջունելով հյուրերին, Հակոբ Ավագյանը նշել է, որ կարևորում է հայ-չինական համագործակցությունը, ավելացրել, որ գործակցության հնարավոր ոլորտները շատ-շատ են։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը անում է հնարավորինը, որպեսզի հայ արտադրողն իրեն լավ զգա Հայաստանում, իրականացնում է մի շարք բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան հայ արտադրողին հատկապես տեքստիլի արտադրության մեջ ունենալ ինքնարժեքից ավելի ցածր, բայց մրցունակ արտադրանք։ Այս համատեքստում փոխնախարարն առաջարկել է քննարկել համատեղ ընկերությունների հիմնման հնարավորությունները, որոնք կգործեն չինական կողմից հումք, հայկական կողմից արտադրություն սկզբունքով։ Հակոբ Ավագյանը նաև նշել է, որ թեյի, գինու արտադրության, շինանյութերի և հանքանյութերի բնագավառներում ևս համագործակցության լայն հնարավորություններ կան։

«Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույը նշել է նաև, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում լոգիստիկ կենտրոն հիմնելու հնարավորություններով։

Հակոբ Ավագյանը, կարևորելով լոգիստիկ կենտրոնների գործունեությունը՝ հավաստիացրել է, որ ներկայացված առաջարկությունները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում և կարվի հնարավորինը հաջողության հասնելու համար։

Երկուստեք կարևորվել է տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, Հայաստանի և Չինաստանի նույն բնագավառներում գործող ընկերությունների միջև կապերի հաստատումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել հստակ առաջարկություններ և առաջ շարժվել արդեն կոնկրետ կետերով։ 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ