Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Ալտահար Լիլի Սևոյանը մենահամերգը  նվիրեց Շառլ Ազնավուրի հիշատակին


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լիլի Սևոյանի (ալտ) մենահամերգը՝ նվիրված մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջազգային մրցույթների դափնեկիր Լիլի Սևոյանը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում,Մալթայում, Վրաստանում:

«Հայաստանում ևս շատ համերգներ եմ ունեցել: Յուրաքանչյուր համերգ ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Տարբեր են նաև հանդիսատեսները: Համերգը նվիրվում է Շառլ Ազնավուրին, ինչն էլ ավելի պարտավորեցնող է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիլի Սևոյանը:

Միջոցառմանը հնչեցին Շ. Ազնավուրի, Ս. Ռախմանինովի, Ֆ. Շուբերտի, Է. Միհրանյանի և Քամիլ Սեն - Սանսի ստեղծագործություններից: Լիլի Սևոյանը ներկայացրեց նաև իր հեղինակային ստեղծագործությունը: Նվագակցեցին Վալերի Այվազյանը և Վահագ Վարդանյանը:

Միջազգային մրցույթների դափնեկիր Լիլի Սևոյանը սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա տեղափոխվել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցԱյժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երրորդ կուրսում:

Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ