Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Խնկո Ապոր անվան գրադարանը հոբելյանը նշեց հանդիսավոր միջոցառումով


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այս տարի տոնում է  85-ամյակը: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 19-ին գրադարանում գեղեցիկ հանդիսություն-ընդունելություն կազմակերպվեց: Գրադարանի բակում ելույթ ունեցավ «Փոքրիկ Նանե» պարային համույթը, որի պարողները հյուրերին ողջույններով ուղեկցեցին ներս, որտեղ էլ հյուրերը շնորհավորեցին գրադարանին:

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը:

«Այս տարվա հայաստանյան իրողությունների` Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակների, Երևանի հիմնադրման 2800-ամյակի շարքում յուրովի իմաստավորվում է մեր գրադարանի անցած 85-ամյա ուղին: Գրադարանը գոյության ընթացքում իր գործունեությունն իրականացրել է` հավատարիմ մնալով հանրության մեջ գրքի և ընթերցանության դերի արժևորման բուն նպատակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

Տնօրենը շեշտեց, որ գրադարանը սերունդների համար հսկայական աշխատանք է կատարում, և դրա դերը մեծ է գրքի հանրահռչակման, ընթերցանության խթանման գործում: «Մեր գրադարանը ոչ միայն մանկապատանեկան գրականության պահպանման և այն սերունդներին փոխանցման կառույց է, այլև սոցիալ հաղորդակցական և մշակութային կենտրոն»,- ընդգծեց Տոնոյանը:

«Այս գրադարանն իմ սրտում հատուկ տեղ ունի: Երբ փոքր էի,  դպրոցից տուն վերադառնալիս անպայման մտնում էի գրադարան, զրուցում էի բարի և գրկաբաց աշխատակիցների հետ, ուսումնասիրում գրքերը: Հետագայում Խնկո Ապոր գրադարանն իմ կյանքում հայտնվեց այն ժամանակ, երբ ինձ հրավիրեցին այստեղ ընթերցելու իմ գրած հեքիաթները»,- պատմեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ առանց գրքի կյանքը դատարկ է, և գիրքը կարող է լավ ընկեր դառնալ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի կարծիքով՝ գրադարանի 85-ամյակը շատ նշանակալի և գեղեցիկ տոն է:  Նա նշեց, որ աշխարհում սկսվել է գրադարանների և  գրադարանավարների համայնքի վերաարժևորման շարժում, և բոլոր պետությունները մեծ ուշադրություն են  դարձնում գրադարանին՝ որպես քաղաքակրթության օջախի, գիտելիքի փոխանցման կարևորագույն վայրի:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 85-ամյակի, գրադարանային ոլորտում ունեցած  նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում  երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվեցին գրադարանի մի խումբ աշխատակիցներ:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը  շնորհավորեց գրադարանի հոբելյանը և հորդորեց բոլոր գրողներին գրել մանուկների համար, քանի որ այդպես նրանք ավելի երկար կապրեն:

Գրադարանի տոնի կապակցությամբ Հայաստան են ժամանել հյուրեր աշխարհի տարբեր երկրներից: Հյուրերից մեկը` Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի՝ «IBBY International»-ի գործադիր տնօրեն Լիզ Փեյջը շնորհավորեց գրադարանին և ասաց, որ երեխաներն են մեր ապագան, և որքան նրանք կարդացած լինեն, այնքան ապագան ավելի պայծառ կլինի:

Ողջույնի խոսքերից հետո հյուրերը դիտեցին տեսանյութ, որը պատմում էր գրադարանի ստեղծման պատմության, ձեռքբերումների և ներկայիս գործունեության մասին: Հոլովակի դիտումից հետո գրքի կարևորությունն ընդգծող բեմական ներկայացում ցուցադրվեց:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նվերներ ստացավ Հայաստանի գրողների միությունից, Հայաստանի ազգային գրադարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ