Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էրդողանը սաուդացի լրագրողի սպանությունը կարող է ծառայեցնել Թուրքիայի շահերին

Էրդողանը սաուդացի լրագրողի սպանությունը կարող է ծառայեցնել Թուրքիայի շահերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր երկրում սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի վերաբերյալ զարգացող իրադարձությունները ծառայեցնել Թուրքիայի տնտեսական, քաղաքական շահերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին The Times պարբերականում գրել է թղթակից Ռիչարդ Սփենսերը:

Նա գրում է, որ Էրդողանը կարող է իրավիճակը օգտագործել Թուրքիայի, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական շահերի տեսանկյունից:

«Հաշվի առնելով, որ լրագրողի սպանության հետ կապված Սաուդյան Արաբիան գտնվում է բավականին լուրջ խնդրի առաջ՝ Էրդողանը կարող է իրավիճակը շրջել և ծառայեցնել Թուրքիայի, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական շահերին»,- գրել է թղթակիցը:

Սփենսերի կարծիքով՝ Էրդողանը կարող է Սաուդյան Արաբիայի առաջ պայման դնել, և լրագրողի սպանության հետ կապված մանրամասները չհրապարակելու դիմաց ստանալ տնտեսական կամ քաղաքական օգուտներ:

Հոդվածագիրը տեսակետ է հայտնել, որ Թուրքիայի իշխանություններն այս հանգամանքը կարող են օգտագործել նաև Քաթարի և Սաուդյան Արաբիայի միջև առկա հակամարտությունում:

«Թուրքիան կարող է նաև այս հանգամանքն օգտագործել Սաուդյան Արաբիայի դիրքերը իսլամական աշխարհում թուլացնելու նպատակով»,- մեկնաբանելով, որ Թուրքիան իրեն համարում է Օսմանյան կայսրության ժառանգորդն ու աշխարհի սունիների առաջնորդը՝ գրել է Սփենսերը:

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:

Թուրք քննիչները Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում իրականացրած խուզարկության ժամանակ ձեռք են բերել տարբեր նմուշներ, որոնցով ստուգում են Հաշքաջիի ԴՆԹ հետքերի առկայությունը:

Ոստիկանության վարկածի համաձայն՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցված լինեն Ստամբուլին հարակից անտառում:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցվել են Յալովա քաղաքի մոտակայքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]