Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Կայացել է «Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը» գրքի շնորհանդեսը


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել էին «Perspectives of Co-Existence of the EU and EAEU Integration Processes. The Case of Armenia» («Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը») անգլերեն/ռուսերեն գրքի շնորհանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայից, շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Լեհաստանի, Ռումինիայի դեսպանատների և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամներ, տարածաշրջանային անվտանգության դինամիկայով զբաղվող փորձագետներ:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես են եկել Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը և Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Ֆելիքս Հեթը: Շնորհանդեսը վարել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Գրքում հրապարակվել են Երևանի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանի, Բրյուսելի «Եվրոպական աշխարհաքաղաքական Ֆորումի» հետազոտությունների գծով ղեկավար Ջորջ Վլադ Նիկուլեսկուի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր Մարիա Լագուտինայի մշակումները:

Շնորհանդեսի ժամանակ ընդգծվել է Ռուսաստան–Արևմուտք ռազմավարական հակադրության պայմաններում Հայաստանի կողմից հավասարակշիռ արտաքին քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանին հանդես գալու որպես Եվրամիություն–Եվրասիական տնտեսական միություն փոխգործակցության արդյունավետ հաբ:

Ելույթներից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում մասնակիցներն իրենց մոտեցումներն են արտահայտել Եվրամիություն–Եվրասիական տնտեսական միություն փոխգործակցության հնարավորությունների և այդ գործում ՀՀ-ի դերակատարման վերաբերյալ:

Ամփոփելով շնորհանդեսը՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը նշել է, որ Ասոցիացիան շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային անվտանգության դինամիկային և ՀՀ-ի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնախնդիրները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ