Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

«Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

«Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ 
միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը, դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, «Խաչատրյանը և ջազը» համերգին հնչեցրեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Որպես մենակատարներ հանդես եկան Վահագն Հայրապետյանը և Արմեն Հյուսնունցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի բացման համերգն անցկացվեց հոկտեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Այս փառատոնը նվիրված է Խաչատրյանի 115-ամյակին: Ամբողջ փառատոնի ընթացքում հնչելու են նրա ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ ոչ այնքան հաճախ կատարվող ստեղծագործություններ»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա ընդգծեց, որ Արամ Խաչատրյանը մեր մեծագույն հերոսներից է, և նվագախմբի համար չափազանց մեծ պատասխանատվություն է ներկայանալ Արամ Խաչատրյանի անունը կրող փառատոնում:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի դիրիժոր Արմեն Հյուսնունցի խոսքով՝ համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի գործերից միայն մեկ ջազային մշակում է իրականացվել, և դա «Օրորոցայինն» է «Գայանե» բալետից:  Նա նշեց, որ «Խաչատրյանը և ջազը»  հաջողված նախագիծ  է, և ամեն տարի հանդիսատեսը սիրով է սպասում դրան:

«Խաչատրյանի երաժշտությունը բխում է ազգային ակունքներից: Նման ցանկացած մեղեդի շատ ավելի ենթակա է ջազային մեկնաբանության և մոդիֆիկացիայի»,- ասաց Հյուսնունցը: 

Փառատոնի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն դաշնակահար Բորիս Բերեզովսկին, թավջութակահար Ալեքսանդր Ռամինը, ջութակահար Դանիել Ռոնինը և այլք: Նրանք նույնպես կկատարեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել  սիմֆոնիկ և կամերային ինը համերգ։ Կիրականացվի նաև «Խաչատրյան. նոն-ստոպ» ծրագիրը, որի ընթացքում կկատարվեն ֆիլմերի համար գրված նրա ստեղծագործությունները:

Փառատոնի հիմնադիրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ ի դեմս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]