Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Թոմաս Մայր-Հարթինգի այցը կնպաստի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընդլայնմանը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 17-ից 18-ը տեղի ունեցավ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի այցը Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, այցի ընթացքում Թոմաս Մայր-Հարթինգը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկու և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման  շուրջ բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:  Գործադիր տնօրենը հանդիպել է նաև քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանրային դասախոսություն կարդացել ուսանողների լայն լսարանի համար՝ Երևանի պետական համալսարանում:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց Եվրոպական միության աջակցությունը կայուն ժողովրդավարությանը: «Հայաստանի համար այժմ կարևոր պահ է. էականը՝ երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից բխող  ձեռքբերումները  պահպանելն է», նշեց նա: Նա ընդգծեց ԵՄ բարձր գնահատականը անցման փուլի խաղաղ բնույթի ձեռքբերումների, մասնավորպես՝ կոռուպցիայի վերացման և Հայաստանն իրապես անկախ դատական համակարգով և օրենքի գերակայության վրա հիմնված արդիական հասարակության երկիր դարձնելու հանձնառության վերաբերյալ:

"Մենք մեկնարկում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր շրջափուլ: Մեր նոր՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ) լայն հնարավորություններ է ընձեռում խորացնելու ներգրավվածությունը բազմաթիվ ոլորտներում՝ ժողովրդավարական ինստիտուցիոնալ զարգացումից մինչև սոցիալական հարցեր, առևտուր, առողջապահություն, համագործակցություն տուրիզմի և գիտատեխնիկական բնագավառներում, մշակութային համագործակցություն և այլն: Այս ամենը դեպի նոր՝ ավելի բարձր մակարդակ կարելի է բարձրացնել՝ կախված երկու կողմերի կամքից», նշեց Թոմաս Մայր-Հարթինգը: Նա հույս հայտնեց, որ արագ թափ կառնի ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը, որը պարունակում է բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանը միտված միջոցառումներ, որոնք, վերջնական արդյունքում շոշափելիորեն օգտակար կլինեն ՀՀ քաղաքացիների համար:  Նա հավելեց, որ Հայաստանի կողմի ՀԸԳՀ ստանձնած պարտավորությունները լիովին համադրելի են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող պարտավորությունների հետ:

Մայր-Հարթինգը վերահաստատեց ՀՀ կառավարության՝ ավելի բարձր թափանցիկության և հաշվետվողականության վրա հիմնված բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու Եվրոպական միության պատրաստակամությունը և ակնկալեց, որ դեկտեմբերին  կանցկացվեն ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ:  

«ԵՄ-ն և իր անդամ երկրներից մի քանիսը կտրամադրեն ֆինանսական աջակցություն ընտրությունների անցկացման նպատակով: Հույս ունենք, որ ակտիվ կլինի երիտասարդության և կանանց մասնակցությունը»:

«ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է: Մեր համագործակցությանն ուղղված ակտիվ ֆինանսական փաթեթը կազմում է 250մլնեվրո՝ դրամաշնորհների միջոցով, իսկներդրումային պորտֆելը հասնում է շուրջ մեկ միլիադ եվրոյի: ՀՀ կառավարության հետ համատեղ՝ ներկայում վերանայվում է գործող և ծրագրված ԵՄ համագործակցությանն ուղղված ֆինանսական փաթեթը, և ավելի թիրախային կերպով համապատասխանեցվում Հայաստանի բարեփոխումներին ուղղված հանձնառություններին և գերակայություններին՝ հօգուտ ՀՀ քաղաքացիների: Արդեն իսկ նախապատրաստում ենք ՀԸԳՀ բարեփոխումների օրակարգին միտված գործիքակազմ՝ ներառյալ Թվինինգ, ինչպես նաև բանկային միջոցներ՝ օգնելու մասնավոր հատվածին համապատասխանեցնել ներդրումները ՀԸԳՀ պահանջների հետ», նշեց Մայր- Հարթինգը:

ԵԱԳԾ գործադիր տնօրենը բարձր գնահատեց Հայաստանի պատրաստակամությունը տարածաշրջանային համագործակցությանը՝ Արևելյան գործընկերության ձևաչափով, ինչպես նաև համատեղ աշխատանքը, միտված՝ «2020 թվականի 20 արդյունքների»ձեռքբերմանը:

Բարձրաստիճան ԵՄ դիվանագետն արդրադարձ կատարեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին և ընդգծեց, որ կարևոր է պահը բաց չթողնել՝սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո, մեղմ պահելհռետորաբանությունը և թուլացնել սահմանային լարվածությունը:Նա հույս հայտնեց՝ այդպիսով ուղի կհարթվի, որպեսզի հնարավորին սեղմ ժամկետներում սկսվեն բովանդակային բանակցություններ՝ առանց նախապայմանների:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ