Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աղբավայրի փակմամբ Ճամբարակը բնապահպանական կարեւոր խնդիր է լուծում

Աղբավայրի փակմամբ Ճամբարակը բնապահպանական կարեւոր խնդիր է լուծում

ԳԱՎԱՌ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամբարակ համայնքի աղբավայրի բարեկարգման աշխատանքները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերի առաջին օրերից եւ կավարտվեն առաջիկա տասնօրյակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, այս ծրագրի իրականացմամբ Ճամբարակ քաղաքի եւ Վահան գյուղի բնակիչների համար բնապահպանական կարեւոր հիմնախնդիր է ստանում իր լուծումը: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 7 միլիոն 300 հազար դրամ:

Այն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի շրջանակում: ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիան կազմել է 2 միլիոն 920 հազար դրամ, իսկ տեղական բյուջեի ներդրումը՝ 4 միլիոն 380 հազար դրամ: «Ճամբարակ քաղաքի աղբը տարիներ շարունակ լցվել է Վահան գյուղ տանող ճանապարհի եզրին՝ բավականին մեծ մակերես զբաղեցնող տարածքում: Աղբավայրը շրջակա միջավայրի համար ստեղծում էր բնապահպանական լրջագույն հիմնախնդիրներ: Աղբավայրի շրջակայքը մեծ տարածքների վրա աղտոտված էր կենցաղային աղբով: Ստեղծված իրավիճակը շտկելու համար ձեռնարկել ենք հին աղբավայրի փակման եւ նոր աղբավայրի կառուցման աշխատանքները: Հոկտեմբերի առաջին 18 օրերի դրությամբ, ծրագրի մեկնարկից ի վեր, աղբավայրը ծածկել ենք երեք շերտով, կոշտ գրունտով:

Ապա՝ այն ծածկելու ենք փափուկ գրունտով, որի վրա լցնելու ենք բնահող, որպեսզի գարնանը սկսենք տարածքի ծառատնկման եւ կանաչապատման աշխատանքները: Ծառատունկը կարվի ծածկված աղբավայրի չորս կողմերում ու գետի եզերքում, իսկ տարածքը կլինի կանաչապատ, որը կարող է ծառայել որպես ֆուտբոլի դաշտ: Մարդկանց հիշողության մեջ հին աղբավայրի տգեղ տեսարանից պետք է ոչինչ չմնա»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:Նորակառույց աղբավայրը կտեղակայվի հին աղբավայրի արեւմտյան թեւում, մոտ 500 խորանարդ մետր ծավալ եւ 2,5 մետր խորություն ունեցող փոսում: Արվում է հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրն այլեւս չաղտոտվի կենցաղային աղբի թափոններով:

«Շուտով շահագործման պատրաստ կլինի նոր աղբավայրը, որն իրենից ներկայացնում է 500 խորանարդ մետր ծավալ զբաղեցնող փոս: Այստեղ լցված աղբն անմիջապես կծածկվի, որպեսզի կենցաղային աղբի թափոնները քամու ազդեցությամբ չաղտոտեն շրջակայքը: Եթե աղբավայրը ժամանակի ընթացքում լցվի, կողքից կստեղծենք նոր աղբավայր, որտեղից դուրս բերվող հողով կծածկենք նախկինը: Հուսով ենք, որ մոտ ժամանակներս կշահագործվի կոշտ թափոնների վերամշակման գործարանը Հրազդան քաղաքում, որտեղ վերամշակման կտեղափոխվի նաեւ Ճամբարակ համայնքի աղբը: Այդ դեպքում արդեն հիմնովին կփակենք նոր աղբավայրը եւ կկանաչապատենք տարածքը»,- հավաստեց Ճամբարակ համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]