Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել

ԵՄ անդամ երկրների գործակալությունների  հետ երկու համաձայնագիր է ստորագրվել
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ին Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել երկու համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերը, ֆրանսիական Արտուա-Պիկարտի ջրային գործակալության ներկայացուցիչ Ժակ Կոտելը, բնապահպանության նախարարության, դեսպանատան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պաշտոնակատարը իր ողջույնի խոսքում կարևորել է համաձայնագրերի ստորագրումը, որոնք ուղղված են ոլորտի տեխնիկական վերազինմանը և մոնիթորինգի համակարգի կատարելագործմանը։ Է․ Գրիգորյանը գոհունակություն է հայտնել նաև ջրավազանային կառավարման պլանավորման լավագույն փորձով աշխարհում հայտնի Ֆրանսիայի հետ համագործակցությունը նոր հարթության վրա բարձրացնելու մեկնարկող գործընթացը։
Դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը՝ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման հարցերը, երկու երկրների համագործակցության գերակայություններից են։ Դեսպանը բարձր է գնահատել նաև Փարիզյան համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերը։
Էրիկ Գրիգորյանի և ի դեմս Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության՝ ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերի ստորագրած համաձայնագրի շրջանակներում կի­րականացվի լաբորատոր և մոնիթորինգի սարքավորումների գնում, հա­մա­պատասխան վե­րա­պատ­րաստ­ման իրականացում և լաբորատորիայի նոր մասնաշենքի վե­րա­նո­րոգ­ման աջակցություն: Ողջ ծրագրի համար Հայաստանին նախատեսված է տրամադրել 1 մլն եվրո, որի շրջանակներում ենթակառուցվածքների բարելավման և սար­քա­վո­րում­ների տրամադրման ընդ­հա­նուր բյուջեն կազմում է շուրջ 600,000 եվրո։
 
Ֆրանսիայի «Արտուա-Պիկարդի» ջրային գործակալության և Բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալութան միջև համագործակցության համաձայնագիրն ստորագրել են գործակալության պետի պաշտոնակատար Էդգար Փիրումյանը և ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչ Ժակ Կոտելը։ Համաձայնագրի նպատակն է հիմնել տեխնիկական հա­մա­գոր­ծակցություն՝ ինս­տիտուցիոնալ հզորացման, ջրօգտագործման տվյալների հավաքագրման գործընթացի բա­րե­լավ­ման, ջրային ռե­սուրս­նե­րի համապարփակ կառավարման և տնտեսական մեխանիզմների կիրառումն ընդ­լայնելու համար:
 
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am