Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարմիրգյուղում բացվեց Արցախյան ազատամարտի զոհերի եւ հայրենյաց պաշտպանների հուշարձանը

Կարմիրգյուղում բացվեց Արցախյան ազատամարտի զոհերի եւ հայրենյաց պաշտպանների հուշարձանը

ԳԱՎԱՌ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի կենտրոնում, Սուրբ Վարվառա մատուռի հարեւանությամբ հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտում զոհված կարմիրգյուղցիների եւ հայրենյաց պաշտպանների հուշարձանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Կարմիրգյուղի համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, արտերկրում բնակվող նախկին կարմիրգյուղցիներ, հյուրեր: Հոգեհանգստյան եւ օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:

«Այս նորաբաց հուշարձանն ամեն առավոտ ապրողներիս հուշելու է, որ մեր սրբազան հողի խաղաղ արշալույսները գնվել են շատ թանկ գնով՝ մեր թանկագին զավակների կյանքի ու արյան գնով: Այս հուշարձանը մեզ պարտադրելու է, որ ամեն առավոտ աղոթենք մեր հողի խաղաղության, մեր սահմանները պաշտպանող զինվորների անվտանգության համար:

Փառք հայրենյաց բոլոր պաշտպաններին, որոնց սխրանքների գնով միայն կանգուն մնաց մեր աշխարհը»,- օրհնանքի խոսքում նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդը: Հանդիսավար Սվետլանա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Արցախյան ազատամարտում զոհված կարմիրգյուղացիներ Զոհրաբ Շհոյանի, Սերգո Ավետիսյանի, Արտակ Գասպարյանի, Նվեր Բնյանի, Ռոստամ Թարզիմկոյանի եւ Նվեր Գասպարյանի հիշատակը հավերժող հուշարձանը կառուցվել է Ուկրաինայի Կոստանտինովկա քաղաքում ապրող նախկին կարմիրգյուղացիներ Մանվել Մարտոյանի, Պավլիկ եւ Նորիկ Շհոյանների բարերարությամբ եւ Կարմիրգյուղ համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Վարդանյանի նախաձեռնությամբ:

Հուշարձանի շինարարան է վարպետ Վանիկ Շհոյանը: «Այս տարածքը մինչ այժմ հայտնի էր որպես պատմաճարտարապետական վայր, իսկ այսուհետ այն դառնում է ուխտավայր, ուր մեր հերոսների փառքի առջեւ կխոնարհվեն ներկա ու գալիք սերունդները»,- ասաց հանդիսավարը: «Թող այլեւս չլինի պատերազմ, որպեսզի մենք այլեւս նման հուշարձանններ կառուցելու կարիքը չունենանք, այլ միայն տուն ու երկիր կառուցենք»,- ներկաներին դիմեց Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը: Նա Կարմիրգյուղի գյուղապետարանի պատվոգրով պարգեւատրեց բարերարներ Մանվել Մարտոյանին, Պավլիկ եւ Նորիկ Շհոյաններին: «Այժմ ունեմ երկակի զգացողություն՝ հուզմունք եւ հպարտություն:

Հուզվում եմ անչափ, որ թանկագին մարդիկ է կորցրել մեր հայրենիքը, եւ միաժամանակ հպարտանում, որ նրանց մահը տարբերվում է մնացած բոլոր մահերից, քանի որ նրանք ընկել են հայրենի հողի պաշտպանության համար: Ուզում եմ երախտիքի խոսք ուղղել այս քաջերի ծնողներին ու մանկավարժներին, որոնց դաստիարակության արդյունքն են եղել անձնազոհության բոլոր օրինակները:

Իսկ այս հուշակոթողը պարտավորեցնում է մեզ, որ բոլորին հիշենք անուն առ անուն, որոնց շնորհիվ մենք այսօր կերտում ենք միանգամից հայկական երկու պետություն, այն դեպքում, երբ աշխարհում գոյություն ունեցող մոտ 5 հազար ժողովուրդներից հազիվ 200-ին է հաջողվել ստեղծել պետականություն»,- ընդգծեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Հերոսների անունն ու գործը փառաբանեցին նաեւ զոհված ազատամարտիկների հարազատներ Սիլվա Շհոյանը, Ավետիք Գասպարյանը, բարերարներ Մանվել Մարտոյանը, Պավլիկ եւ Նորիկ Շհոյանները: «Մենք սիրում ենք մեր գյուղը, նրա բոլոր մարդկանց, ապրում ձեր հանդեպ ունեցած անհուն կարոտով: Ոչ մի ակնթարթ չենք մոռանում մեր հայրենի եզերքը:

Ավելին, փափագում ենք, որ կարողանանք տուն վերադառնալ ու ապրել ձեզ հետ, մեր նոր Հայաստանում: Իսկ այս օրինակը թող վարակի արտերկրում ապրող մյուս կարմիրգյուղցիներին, որ նրանք ինչ-որ կերպ մասնակցեն մեր գյուղի բարգավաճմանը»,-նշեցին բարերարները: Երկրապահ կամավորականների միության Գավառի տարածքային կազմակերպության նախագահ Աշոտ Գասպարյանը ԵԿՄ պատվոգրերով եւ հուշամեդալներով պարգեւատրեց հուշարձանի կառուցման համար ավանդ ներդրած բարերարներին, նախաձեռնողին ու շինարարներին: Գեղարվեստական կատարումներով եւ հերոսների կյանքի մասին պատմող տեղեկություններով հանդես եկան Կարմիրգյուղի թիվ 1, 2 միջնակարգ եւ արվեստի դպրոցների աշակերտները: Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]