Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը` կրկին ահաբեկիչների թիրախում

Իրանը` կրկին ահաբեկիչների թիրախում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը դեռ չէր հասցրել հաղթահարել Խուզիստան նահանգում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքները, երբ օրերս կրկին հայտնվեց ահաբեկիչների թիրախում, այս անգամ երկրի հարավարևելյան հատվածում՝ Պակիստանի սահմանին:

Հոկտեմբերի 16-ին իրանական լրատվամիջոցները տեղեկատվություն հրապարակեցին, համաձայն որոնց՝ «Ջեյշ օլ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը Սիստան և Բելուջիստան նահանգում գտնվող Միրջավե բնակավայրում ծառայություն իրականացնող իրանցի 12 սահմանապահի է առևանգել և անցկացրել Պակիստանի տարածք:

Իրանցի սահմանապահների հետ կատարված միջադեպին հաջորդեց ԻԻՀ ռազմաքաղաքական ղեկավարության քննադատությունը՝ ուղղված Պակիստանի իշխանությունների հասցեին: Նախ Իրանի ԱԳՆ կանչվեց Թեհրանում Պակիստանի դեսպանը, այնուհետև ԻԻՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց ունեցավ պակիստանցի իր գործընկերոջ հետ, իսկ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարությունը հայտարարեց, թե պատրաստ է Պակիստանի անվտանգության ուժերի հետ համագործակցելով՝ ազատելու իրանցի սահմանապահներին:

Ուշագրավ է, որ Իրանը կրկին հայտնվեց ահաբեկիչների թիրախում այն ժամանակ, երբ դրանից ընդամենը մի քանի օր առաջ ԻԻՀ Մեջլիսը ձայների 143 կողմ, 120 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիային (CFT) միանալու մասին օրինագիծը:

Նկատենք, որ օրինագիծն ընդունվեց բավականին բուռն քննարկումների արդյունքում: Օրինագծին դեմ արտահայտված պատգամավորները CFT-ին միանալը դավաճանություն որակեցին՝ պնդելով, թե դրանից հետո երկիրն արտաքին ուժերից ավելի ու ավելի կընկնի կախման մեջ, ինչի հետևանքով Իրանի գործողությունները կսահմանափակվեն տարածաշրջանում:

Իսկ օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներն ընդհակառակը, պնդում էին, որ, եթե Իրանը միանա CFT-ին, ապա այդ քայլով Միացյալ Նահանգներին կզրկի Իրանին ահաբեկչությանն աջակցելու մեջ  մեղադրելու հնարավորությունից:

Վերադառնալով թեմային՝ նկատենք, որ ինչպես Խուզիստան նահանգը, այնպես էլ Սիստան և Բելուջիստանը Իրանի այն խնդրահարույց վարչատարածքային միավորներն են, որոնք գտնվում են ԻԻՀ կենտրոնական իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում: Այդ նահանգների կարևորությունը կայանում է նրանում, որտեղ ոչ այնքան մեծ է անջատողականության վտանգը, որքան ահաբեկչական գործողությունների: Հենց այդ նահանգներում են վերջին տարիների տեղի ունեցել ամենադաժան ահաբեկչական գործողությունները, նավթամուղերի պայթեցումից մինչև ահաբեկչական գործողություններ՝ մզկիթներում:

Վերոնշյալ ահաբեկչական գործողությունները ոչ միայն խաթարում են Իրանի ներքին անվտանգությունը, այլև խնդիրներ ստեղծում արտաքին դաշտում: Ինչպես Խուզիստանի, այնպես էլ Սիստան և Բելուջիստանի միջադեպերը չէին կարող չազդել Իրան-Իրաք և Իրան-Պակիստան հարաբերությունների վրա. որքան էլ որ այդ երկրները հայտնել են իրենց պատրաստակամությունն ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել Իրանի հետ:

Մյուս կողմից էլ, սակայն, յուրաքանչյուր նմանատիպ գործողություն Իրանի անվտանգության ուժերին հնարավորություն է տալիս ավելի անկաշկանդ պայքարել անջատողական խմբավորումների և ահաբեկչական կառույցների դեմ, իսկ Իրանի քաղաքական իշխանություններն էլ իրենց հերթին միջազգային ասպարեզում ԻԻՀ անվտանգության ուժերի հակաահաբեկչական գործողությունները ներկայացնում են որպես տարածաշրջանում անվտանգության հաստատմանն ուղղված կարևոր ձեռքբերում՝ այդ կերպ հակազդելով այն  մեղադրանքներին, թե Իրանը ոչ թե ահաբեկչություն հովանավորող երկիր է, այլը հակառակը՝ ահաբեկչության զոհ է:

Արմեն Իսրայելյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]