Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարկերի տեղափոխման գրավիչ պայմաններից մինչ արևային կայանների գնումների ֆինանսավորում. «Ամերիաբանկ»-ն ունի նոր գրավիչ առաջարկներ

Վարկերի տեղափոխման գրավիչ պայմաններից մինչ արևային կայանների գնումների 
ֆինանսավորում. «Ամերիաբանկ»-ն ունի նոր գրավիչ առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկը» նոր գրավիչ առաջարկներ ունի ինչպես փոքր և միջին բիզնեսների, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Փոքր և միջին բիզնեսի համար բանկն անում է վերաֆինանսավորման գրավիչ առաջարկներ, իսկ ֆիզիկական անձանց համար՝ ոչ միայն գնումների, այլ ծառայությունների ֆինանսավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանկի մանրածախ գործառույթների գծով տնօրեն Արման Բարսեղյանը հրավիրված ասուլիսում մանրամասնեց իրենց ներկայացրած առաջարկները, խոսեց նաև սպասվող նախաձեռնությունների մասին:

Ֆինանսավորման արշավներ՝ փոքր և միջին բիզնեսի համար

Փոքր և միջին բիզնեսի համար «Ամերիաբանկը» երկու արշավներ ունի: Առաջինը վերաֆինանսավորումն է. կազմակերպությունները, բիզնեսները, որոնք այլ բանկերում ունեն վարկեր, կարող են վերաֆինանսավորվել և ավելի գրավիչ պայմաններով վարկերը տեղափոխել «Ամերիաբանկ»: Վարկը տեղափոխելու բոլոր հարցերը լուծելու է բանկը: Խոսքը վերաբերում է 10-150 մլն դրամ վարկերին: Վերաֆինանսավորվող վարկի մնացորդի 2 տոկոսի չափով բանկը միանվագ գումար է վճարելու հաճախորդին: «Վարկը տեղափոխելու համար սա խրախուսելի մեթոդ է: Կարծում ենք, որ փոքր և միջին բիզնեսի համար տարեվերջի այս բուռն շրջանում լուրջ աջակցություն կարող է լինել: Նաև առաջիկա 12 ամսվա ընթացքում վարկի մայր գումարի մարման մինչ 50 տոկոս նվազեցում ենք նախատեսում»,-ասաց Բարսեղյանը: Կազմակերպություններն այս հնարավորություններից կարող են օգտվել մինչ տարեվերջ: Տոկոսադրույքները լինելու են բանկի կողմից առաջարկվող ստանդարտ տոկոսադրույքները: Բանկը նախատեսում է ֆինանսավորում նաև գրավների ընդհուպ 100 տոկոս արժեքի չափով:

Բանկը փոքր և միջին բիզնեսի համար առաջարկում է նաև նախաամանորյա արշավ: «Նախաամանորյա շրջանում բիզնեսների գերակշիռ մասը լրացուցիչ միջոցների կարիք է ունենում: Այս արշավով  բիզնեսներին առաջարկում ենք կարճաժամկետ ֆինանսավորում՝ բավականին գրավիչ տոկոսադրույքներով: Այն ուժի մեջ է մինչ տարեվերջ, սակայն դրա շրջանակում ստացված վարկերը մինչ մյուս տարվա մարտի 1-ը ունենալու են չափազանց գրավիչ տոկոսադրույք: Դրամային տոկոսների դեպքում այս վարկերի համար մինչ մարտի 1-ը կիրառվելու է դրամի համար՝ 9, 44 տոկոս, դոլարի համար՝ 6, 94 տոկոս, եվրոյի համար՝ 5, 30 տոկոս: Եթե մինչ մարտի 1-ը վարկերը մարվում են, ապա այս տոկոսադրույքները կիրառվում եմ ողջ ժամանակահատվածի համար: Իսկ եթե բիզնեսը որոշում է վարկը պահել, ապա մարտի 1-ից սկսած   կիրառվում են բանկի ստանդարտ տոկոսադրույքները, որոնք գործում էին նախորդ արշավի համար»,-ներկայացրեց Բարսեղյանը:

 

Ֆիզիկական անձանց համար վարկավորման գրավիչ առաջարկներ

Գնումների ֆինանսավորման ծառայությունների կամ, ինչպես տարածված է անվանել, ապառիկ վարկերի առումով բանկը ևս ունի նորություն: Սկսել են ակտիվորեն ֆինանսավորել արևային կայանների գնումները: «Հուսով ենք, որ այս նոր ուղղությունը զարգանալու է: Արևային կայանների և պանելների տոկոսադրույքն էականորեն ավելի ցածր է լինելու, քանի որ փորձում ենք խթանել վերականգնվող էներգիան: Խոսում ենք 12-14 տոկոս դրամային տոկոսադրույքների մասին»,-ասաց Արման Բարսեղյանը:

Մյուս կարևոր ուղղությունը ծառայությունների ֆինանսավորումն է, օրինակ՝ տեխսպասարկման կայաններում վճարները, բժշկական սպասարկման վճարները և այլն: Ծառայությունների համար այսուհետ ևս հնարավոր է լինելու ապառիկ ծառայություններից օգտվել: Գնումների և ծառայությունների ֆինանսավորման տոկոսադրույքները նույնն են լինելու: Բանկն ունի նաև մի քանի այլ էական փոփոխություններ, որոնց մասին կխոսեն մեկ ամիս հետո, երբ դրանք կներդրվեն:

 «Ամերիաբանկ»-ի առաջնահերթությունները

Բարսեղյանը վստահեցրեց՝ լիզինգային ծառայություններն իրենց համար միշտ առաջնահերթություն են եղել: Նա նկատեց՝ որոշակի օրենսդրական փոփոխություններից հետո լիզինգային ծրագրերը զարգանալու լուրջ պոտենցիալ ունեն: Դեռևս լիզինգային ծառայություններն ավելի շատ բիզնեսներին՝ միջին և դրանից բարձրերին է հետաքրքրում: «Մենք ակտիվորեն աշխատում ենք, որ լիզինգային ծառայությունները հաճախորդների համար դառնան գրավիչ»,-նշեց Բարսեղյանը:

Մանրածախ բիզնեսի տեսանկյունից բանկի առաջնահերթություններից է հիփոթեքային վարկային շուկան, դրա համար առկա է ակտիվ անշարժ գույքի շուկա, պահանջարկ: Բանկի հաջորդ կարևոր ուղղությունը սպառողական վարկերն են:

Քարտային ծառայությունների նոր հնարավորություններ

«Մեր քարտային ծառայություններն անընդհատ փորձում ենք համալրել նոր հնարավորություններով: Առաջիկա մի քանի շաբաթներին արդեն հաճախորդներին հասանելի կդառնա ևս մեկ զգալի փոփոխություն՝ առանց կոնտակտի քարտերի ծառայությունը: Այն հնարավորություն է տալու հաճախորդին, քարտը հեռավորության վրա պարզապես մոտեցնելով տերմինալին, գործարք կատարել: Դա կրճատելու է առևտրի կենտրոնների հերթերը, ծանրաբեռնվածությունը, արագացնելու է սպասարկման գործընթացը»,-ներկայացրեց Արման Բարսեղյանը:

 Լինելու են նաև հատուկ ստիքերներ, որոնք ամրացնելով հեռախոսին, կարելի է լինելու հեռախոսը մոտեցնել տերմինալին և կատարել վճարում: Նոյեմբեր-դեկտեմբերին իրականացվելիք արշավները կխթանեն անկանխիկ քարտային վճարումները: 

Թվային ծառայություների ներդրումը՝ «Ամերիաբանկ»-ի ռազմավարության գլխավոր բաղադրիչ

Բանկի հաճախորդների թիվը մեծ տեմպերով ավելանում է: Ակնկալում են, որ այս տարի հաճախորդների բազան կրկնապատկվելու է: Այդ լրացուցիչ ծավալներին փորձում են սպասարկել հիմնականում թվային տեխնոլոգիաների միջոցով: «Ընթացքի մեջ են մեր բազմաթիվ նախաձեռնություններ, որոնցով փորձում ենք թվայնացնել գործընթացները: Դա կբերի սպասարկման որակի բարձրացման, բանկում հերթերից զերծ կպահի: Վարկերի և ապառիկ վարկերի գծով արդեն կիրառում ենք այս մեթոդը, թվայնացման գործընթացը շարունակելու են: Աշխատում ենք հիփոթեքային և ավտովարկերի թվայնացման ուղղությամբ: Առաջիկա 1-2 տարում փորձելու են թվայնացնել բոլոր ծառայությունները»,-նշեց մանրածախ գործառույթների գծով տնօրենը:

 Դրան զուգահեռ բացում են նաև նոր մասնաճյուղեր, որոնք ևս թեթևացնում են մյուս մասնաճյուղերի ծանրաբեռնվածությունը: Շուտով նոր մասնաճյուղեր կբացվեն Նոր Նորքում,  Երևանի կենտրոնում: Ակտիվ դիտարկում են նաև Աբովյանում մասնաճյուղ բացելու գործընթացը: Մինչ մյուս տարվա մարտ ամիսը բանկը կունենա առնվազն 3-4 մասնաճյուղ: Դրանք կավելացնեն մասնաճյուղային հզորությունը մոտ 20 տոկոսով: Փոխել են նաև որոշ մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկը՝ երկարացնելով աշխատաժամերը: Ստացվում է՝ արդեն գործող մասնաճյուղն աշխատում է ևս 50 տոկոս լրացուցիչ հզորությամբ: Սայաթ Նովայի և մոլերի մասնաճյուղերն աշխատում են ժամը 09:00-21:00-ն:

Ամեն տարի բանկոմատների քանակն ավելացնում են 15-20-ով, Բարսեղյանը վստահեցրեց՝ այդ տեմպը պահելու են:

 Տնտեսական և քաղաքական կայունությունը նպաստելու են տոկոսադրույքների մակարդակի նվազեցմանը

«Դեռևս նախորդ տարեվերջին կանխատեսել էինք, որ տոկոսադրույքների մակարդակը նույնն  է մնալու: Առաջիկա 6 ամսվա կտրվածքով ևս կանխատեսում ենք, որ տոկոսադրույքների փոփոխություն չի լինի, սակայն ավելի երկար ժամանակի համար կդժվարանամ կանխատեսումներ անել: Տոկոսադրույքների վրա էական ազդեցություն է ունենալու նաև երկրի վարկանիշը: Հիմա Հայաստանի վարկանիշը B1 է: Երկրի ռիսկայնությունը որքան նվազի, այնքան տոկոսադրույքները կիջնեն»,-ասաց Բարսեղյանը: Տնտեսական և քաղաքական կայունությունը նպաստելու է երկրի ռիսկայնության նվազեցմանը և տոկոսադրույքների մակարդակի նվազեցմանը: Կարծում են՝ կարճաժամկետ շրջանում տոկոսադրույքների բարձրացում չի լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]