Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Այս 14 օրը կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխժատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է. «Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետև վարչապետը նաև կոչում է, որը երբեք մարդուց չի առանձնանում: Իհարկե, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պորցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք և, իհարկե, կուզենայի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին և անդրադարձել ընթացիկ քաղաքական իրավիճակին, սպասվող զարգացումներին: «Պարոն նախագահ, հիմա մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում, որովհետև խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում: Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Իհարկե, շատ կարևոր է, որ այս ընթացքում և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի կարողանանք այս 14 օրերը մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում անցկացնել: Եվ կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի մենք կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել ընտրություններում, և քննարկումները տեղի ունենան հնարավորինս պրակտիկ դաշտում: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և անհրաժեշտ գործունեությունը ծավալում է, որպեսզի ողջ ընթացքը՝ և′ 14 օրը, և′ ապագա ընտրությունները տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում, որովհետև սա բխում է ողջ ժողովրդի շահերից: «Դա բխում է մեր պետության շահերից և այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն մաքուր, լեգիտիմ, ժողովրդավարական, առանց խախտումների: Եվ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա, և այս փուլն էլ մեր ժողովուրդը պատվով հաղթահարի, և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար երկիր է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, որպես երկիր, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել երկրում առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության և հանդուրժողականության պայմաններում», -ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով Հայաստանում քաղաքական զարգացումների ընթացքի վերաբերյալ քննարկումներին և մտավախություններին նշել է, որ նաև միջազգային գործընկերների հետ շփումներում ինքը հատուկ ընդգծում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար կարգախոս և ձև չէ: «Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք: Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն ուղղակի այլընտրանք չունեն, որովհետև մենք բոլորս համոզվել ենք, որ առանց այս անկյունաքարային բաղադրիչների մենք չենք կարող լուրջ հաջողություններ ունենալ: Այնպես որ, կարծում եմ, այս հարցում միանշանակ համաձայնություն կա բոլոր քաղաքական ուժերի միջև, որ մենք պետք է հստակ և հաստատուն քայլերով ընթանանք ժողովրդավարության ճանապարհով, որտեղ երբևէ կբացառվի ընտրությունների կեղծման որևէ պրակտիկա: Դա Հայաստանից արդեն իսկ արմատախիլ է արված, և ես հավաստիացնում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի Հայաստանում: Ինչո՞ւ եմ հավաստիացնում, որովհետև տեսնում եմ, որ իսկապես ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընտրությունների անցկացման հարցի շուրջ, ընդգծել ընտրական գործընթացի՝ որպես ժողովրդավարության զարգացման առանցքային մեխանիզմներից մեկի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են. պարզապես պետք է երաշխավորված լինի, որ ժողովրդի կամքը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով, և Հայաստանի ժողովուրդը իմանա, որ ընտրությունների միջոցով ինքը կարող է փոխել և′ քաղաքապետին, և′ գյուղապետին, և′ խորհրդարանը, այդպիսով նաև՝ վարչապետին: Նախագահ Սարգսյանը հավելել է, որ ընտրությունները հաշվետվության լավագույն ձևերից են, և հայ ժողովուրդը գիտակցում է, որ ազատ և ժողովրդավար ընտրություններն այն ճանապարհն են, որով կառուցելու է ապագա ազատ և ժողովրդավար երկիրը:

Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին՝ նախ որպես վարչապետի պաշտոնակատարի, որպեսզի այս ընթացքում և′ կառավարությունը, և′ բոլոր պետական մարմինները ու նախևառաջ անվտանգության բոլոր ծառայություններն անխափան գործեն, ապա որպես քաղաքական կուսակցության ղեկավարի: Նախագահը հաջողություն է մաղթել նաև առաջիկա ընտրություններին մասնակցելու պատրաստվող մնացած բոլոր քաղաքական կուսակցություններին, որպեսզի նրանք կարողանան ազատ և ժողովրդավարական ընտրությունների պայմաններում և՛ իրենց կարծիքն արտահայտել, և՛ իրենց արժանի տեղը ստանալ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ