Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ գիտությունն աշխարհին առաջարկելու շատ բան ունի. Գիտությունների ազգային ակադեմիան նշում է 75-ամյա հոբելյանը

Հայ գիտությունն աշխարհին առաջարկելու շատ բան ունի. Գիտությունների ազգային 
ակադեմիան նշում է 75-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ:

Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել գիտական բնագավառի ներկայացուցիչներ Բելառուսից, Էստոնիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Մոլդովայից, Չեխիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ողջույնի խոսքում կարեւորեց գիտական համայնքների համագործակցության ամրապնդումն ու զարգացումը։ Նա տեղեկացրեց, որ հոբելյանական միջոցառմանը նախորդել էր ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը, որի թեմաներից էին հիմնարար գիտության վիճակն ու զարգացման հեռանկարները։

Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գուսակովը նշանակալի իրադարձություն է համարում մեր երկրի համար ակադեմիայի ստեղծումը ԽՍՀՄ-ի համար շատ բարդ ժամանակներում՝ պատերազմի ամենաթեժ շրջանում։ Նրա համոզմամբ, դա ցույց է տալիս, թե որքան է կարեւորվել գիտությունը այդ տարիներին։ «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան իր 75 տարիների ընթացքում զարգացման մեծ ճանապարհ է անցել։ Աշխատել եք բոլոր այն ուղղություններով, որով զարգացել է գիտությունն ամբողջ աշխարհում եւ հասել նշանակալի արդյունքների։ Այստեղ ներկա են Մերձբալթիկայի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի եւ ԱՊՀ երկրների գիտական համայնքների ներկայացուցիչները, ինչը ցույց է տալիս նաեւ այն դերակատարությունը, որն ունի ձեր երկրի գիտական կառույցը աշխարհի մակարդակով»,- նշեց Գուսակովը։

Նա նույնպես կարեւորեց տարբեր երկրների գիտական համայնքների միջեւ համագործակցության, փոխօգնության կայացումը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։

Մոլդովայի ԳԱԱ նախագահ Գեորգի Դուկայի խոսքով, ամբողջ աշխարհը գիտի, թե որքան ուժեղ է եղել եւ այսօր էլ այդպիսին է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, որը պահպանվել է ոչ միայն որպես կառույց՝ իր բոլոր ինստիտուտներով, այլեւ գիտական համայնքով։

Լատվիայի ակադեմիայի նախագահ Օյար Սպարիտիսը մեծ պատիվ համարեց հոբելյանական միջոցառմանը ներկա գտնվելը եւ նշեց, որ հայ գիտնականներին հաջողվել է պահպանել հարաբերությունները բոլոր ուղղություններով եւ այսօր կարողանում են միավորել գիտնականներին ամբողջ աշխարհից։ «Խորհրդային միության փլուզումից հետո մենք մեր հարաբերությունները կառուցում ենք հիմնականում Եվրոպայի հետ, սակայն ամեն դեպքում պետք է պահպանել նաեւ հին կապերը։ Ակադեմիաները շատ կարեւոր են՝ ձեւավորելու եւ ուղղորդելու գիտական մտքի զարգացումը»,- ասաց Սպարիտիսը։

Ռուսաստանի Դաշնության ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը նկատեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո եղել են դժվարություններ, որոնք, սակայն, հաղթահարվել են, եւ այսօր Հայաստանի ակադեմիան ներկայանում է նոր որակով։ «Հայկական գիտական միտքը մեծ անուններ է տվել համաշխարհային գիտությանը՝ Օրբելի եղբայրներ, Վիկտոր Համբարձումյան, Ալիխանյան եղբայրներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր բնագավառում բացահայտումներ է արել, որոնք հարստացրել են համաշխարհային գիտությունը։ Ներկայումս հորիզոնական կապեր են հաստատվել տարբեր գիտական հանրույթների միջեւ, նաեւ տեղի է ունեցել գիտությունների ակադեմիաների կոնսոլիդացիա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան այսուհետ էլ կշարունակի համագործակցությունը։

Հոբելյանի առթիվ ազգային ակադեմիային շնորհավորական խոսք էր ուղղել պոլիտեխնիկական հանրույթը։ «Ակադեմիայի հիմնադրմամբ բեկում առաջացավ հայկական գիտության մեջ, լայն թափ ստացան ինչպես տեսական, հիմնարար, այնպես էլ կիրառական հետազոտությունները, որոնց արդյունքների ներդրումները տնտեսության տարբեր ճյուղերերում աննախադեպ կերպով առաջ մղեցին հանրապետության զարգացումը»,- ասված էր ուղերձում։ 

Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA- All European academia) փոխնախագահ Գրահամ Քեյը նկատեց, որ Եվրոպայում նույնպես ակադեմիաների առջեւ բազմաթիվ մարտահրավերներ կան։ «Մենք պետք է համագործակցենք եւ օգնենք միմյանց։ Սա կենսական նշանականության խնդիր է։ Մենք ունենք ընդհանուր արժեքներ, մշակույթ, հետեւաբար, մեկ ցանցում մեր անդամների միավորմամբ կկարողանանք արդյունավետ պայքարել գիտության պահպանման ուղղությամբ՝ միաժամանակ անկախ մնալով քաղաքական անցուդարձից եւ գաղափարական տարբերություններից»,- ասաց  Քեյը։

Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաեւ Եվրոպական ակադեմիայի, Տաջիկստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Էստոնիայի, Սլովենիայի, Լիտվայի գիտությունների ազգային ակադեմիաների ներկայացուցիչները՝ մեկ անգամ եւս անդրադառնալով մեր երկրի գիտական ձեռքբերումներին եւ գիտության մեջ ունեցած մեծ ավանդին։

Հայ գիտական մտքի ձեռքբերումները՝ ֆինանսների «գերի»

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հանդիսավոր նիստի ավարտին բացվեց ՀՀ ԳԱԱ-ի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպությունների ուղղությունները, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքները եւ գիտատեխնիկական նախանմուշները, որոնք արտացոլում են ՀՀ ԳԱԱ-ի ինովացիոն ներուժը։ Հոկտեմբերի 19-ին ցուցահանդես կայցելեն Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները` ծանոթանալու Հայաստանի գիտնականների ձեռքբերումներին: Հյուրերի համար այց է նախատեսված Մատենադարան եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական նիստ, որի ընթացքում կպարգեւատրվեն վաստակաշատ գիտնականները: Տեղի կունենա Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստը։

Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանն  «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ անկախության տարիներին իրենց կառույցի ձեռքբերումներին։ Մասնավորապես, 1994 թ-ին ստեղծվեց Հայաստանում առաջին կոմպյուտերային ցանցը, որն ամենախոշորն է։ Այն միացած է համաեվրոպական գիտակրթական ցանցին, որը միավորում է 36 եվրոպական երկրների։ Հայաստանյան ցանցին են միացած համալսարաններ, գիտական կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեն անսահմանափակ օգտագործել կապուղին։ 2004-ին ստեղծեցին Հայաստանում առաջին «սուպերկոմպյուտերը»՝ «Armclaster»-ը։ Առաջիկայում նախատեսում են Ֆրանսիայից բերել ավելի հզոր համակարգիչ, որը թույլ կտա լուծել խոշոր մոդելավորման խնդիրներ։

Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Վահրամ Հակոբյանի խոսքով, իրենց հաստատությունն ուսումնասիրություններ է կատարում կոմպոզիտ նյութերի ամրության, նրանց երկաթակրության վերաբերյալ, բացի դրանից, զարգանում է նաեւ նյութագիտությունը։ Այդ առումով հետաքրքրություն է ներկայացնում ինստիտուտի գիտնականների կողմից մշակված տեխնոլոգիան, որը թույլ է տալիս տեղում վերամշակել սպիտակահողերը եւ շինարարություն իրականացնել։ «Հայաստանում, այդ թվում՝ Երեւանում շատ հողեր կան, որտեղ հնարավոր չէ միանգամից շենք կառուցել՝ գրունտը վատ վիճակում  է՝ կամ սահող է, կամ՝ սպիտակահող։ Օրինակ՝ 15-րդ թաղամասում շենքերի մեծ մասը ճաքեր եւ վնասվածքներ ունի։ Այդ տարածքներում շենքեր կառուցելու համար հանում են այդ հողը, որից հետո նոր հող են լցնում։ Մեր գիտնականների մշակած տեխնոլոգիան տեղում թույլ կտա ամուր դարձնել այդ հողը»,- մանրամասնեց Հակոբյանը՝ նշելով, որ նոր տեխնոլոգիան դեռ կիրառական ոլորտ դուրս չի եկել։ Առաջարկ եղել է շինարարներին, սակայն վերջիններս, սովոր լինելով հնին, դժվարությամբ են ընդունում նորը։ Հաջորդ նորարարությունը արգելակման կոճղակներ էին։ «Սովորաբար կոճղակների արտադրության մեջ օգտագործվում է ասբեստ, որը քաղցկեղածին է։ Ամբողջ աշխարհն այսօր աշխատում է անվտանգ տարբերակ գտնելու ուղղությամբ։ Մեզ հաջողվել է տարբեր անվտանգ նյութերից էժան կոճղակներ պատրաստել»,- ասաց նա։

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը նույնպես ներկայացել էր իր նորարարություններով։ Ինստիտուտի գլխավոր ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Մխիթարյանի խոսքով, իրենք կարողանում են նվազագույն ֆինանսավորմամբ իրականացնել հետազոտական աշխատանքներ, սակայն արդեն գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդրման մասով կան խնդիրներ։ «Ունենք բազմաթիվ հեռանկարային արդյունքներ, որոնց արդյունաբերության մեջ ներդրման համար լուրջ ֆինանսավորում է պետք։ Համակարգային արդյունքների ապահովման համար համագործակցության եւ այլ ճանապարհներով ֆինանսավորման տարբերակները բավարար չեն։ Շղթան պետք է ամբողջովին փակել, այն է՝ հետազոտական աշխատանքներ, դրանց արդյունքների մշակում, փորձարկում, ներդրումային սխեմաների միջոցով առեւտրայնացում։ Թեեւ տեսական մասը եւ մի քանի փորձանմուշներ կարողանում ենք պատրաստել, սակայն արտադրական լայն դաշտ չեն կարողանում մուտք գորել ֆինանսների սղության պատճառով»,- ասաց Մխիթարյանը։ Ինստիտուտի կողմից դեռեւս 1997-2001թթ. մշակվել են ակուստոպլազմային լամպեր, որոնց ցուցանիշները՝ ջերմատվության եւ էներգախնայողության մասով չեն գերազանցում անգամ այդ դաշտում լավագույնը համարվող «Ֆիլիպս» ընկերության նմանատիպ լամպերը։

Մյուս նորարարությունը ռենտգենյան ճառագայթների մոնոխրոմատորներն են, որոնք կտրում են ճառագայթի մի մասը՝  թողնելով օգտակար հատվածը, որի հաճախականությունը կարող է փոխվել շատ լայն տիրույթում։ Ունեն ռենտգենյան ճառագայթների ոսպնյակներ, որոնք մեծ կիրառություն կարող են ունենալ բժշկական բարդագույն դիագնոստիկ սարքավորումների համար։ «Այդ ոսպնյակները կենտրոնացնում են ռենտգենյան ճառագայթներն այնպես, որ միայն անհրաժեշտ օրգանը ճառագայթվի»,- ընդգծեց գիտնականը։

Հայաստանի ԳԱԱ-ն ստեղծվել է 1943 թ. նոյեմբերին՝ որպես երկրի բարձրագույն գիտական հաստատություն։ ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: Այն ունի 3800-ից ավելի աշխատակից, այդ թվում՝ մոտ 340 գիտության դոկտոր և մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են 46 ակադեմիկոս, 56 թղթակից անդամ, 4 պատվավոր անդամ, 133 արտասահմանյան անդամ և 40 պատվավոր դոկտոր: Այս տարիների ընթացքում Հայաստանի գիտնականները հասել են նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]