Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեր հեղափոխությունը հաջողություն չունենալու տարբերակ չունի. Փաշինյանը՝ Արմավիրի քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

Մեր հեղափոխությունը հաջողություն չունենալու տարբերակ չունի. Փաշինյանը՝  
Արմավիրի քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում մասնակցեց Արմավիրի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին: Նա առանձնացրեց հոկտեմբերի  21-ին կայանալիք այդ ընտրություններն այն առումով, դրանք առաջինն են լինելու Արմավիրում՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո:

«Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ ուրախ և հաղթանակած աչքերով, ազատ և հպարտ քաղաքացու հայացքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը՝ արձանագրելով, որ այսուհետ Հայաստանում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում հաղթողը  մի սուբյեկտ է լինելու. «Հաղթողը լինելու եք դուք՝ ընտրողներդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ: Դուք հաղթելու եք միշտ և բոլոր ընտրություններում, որովհետև սրանից հետո ձեր տված ոչ մի ձայն չի կեղծվելու, որևէ մեկը չի համարձակվելու գողանալ ձեր քվեն, որևէ մեկը չի համարձակվելու գողանալ ձեր իշխանությունը, որևէ մեկը կասկածի տակ չի դնելու, թե ովքեր են Հայաստանի Հանրապետությունում իշխանության բարձրագույն կրողները»:

Փաշինյանի խոսքով՝ երբ լրագրողները, հատկապես՝ օտրարերկրյա լրագրողները հարց տալիս ասում են՝ Ձեր իշխանությունը՝ նկատի ունենալով Փաշինյանին՝ որպես վարչապետ, նա իր պատասխանում անպայման շեշտում է. «Դուք ճիշտ չեք գնահատում իրավիճակը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն իմը չէ, և մեր քաղաքական թիմինը չէ, ՀՀ-ում իշխանությունը ժողովրդինն է, և սա է հեղափոխության ամենակարևոր իմաստը»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ որևէ կասկած չկա, որ առաջիկա կիրակի կայանալիք ընտրություններում հաղթելու են արմավիրցիները:

Նիկոլ Փաշինյանը խոսքով՝ հսկայական քաղաքական փոփոխություններ են իրականացվել, բայց հիմա երկրում ձևավորվել է կառավարություն և գործում է վարչապետ, որը որևէ պարտավորվածություն չունի առանձին վերցրած խմբի, խմբավորման նկատմամբ: «Մեր միակ պարտավորությունը ժողովրդի նկատմամբ է, և սա է մեր հեղափոխության առաջնահերթությունը: Սա է պատճառը, որ մեր հեղափոխությունը հաջողություն չունենալու տարբերակ չունի: Մեր ամենամեծ առաքելությունը ժողովրդի իշխանությունը վերականգնելն է, և ձեր իշխանությունը, սիրելի՛ ժողովուրդ, արդեն վերականգնված է, որովհետև մինչև հիմա ՀՀ-ում հարյուր հազարավոր քաղաքացիներ քվեարկելու հնարավորություն ունեին, բայց ձայն չունեին»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինում ընտրական գործընթացներում կային հարյուրապետներ, հազարապետներ:  «Մենք եկանք, ասացինք, որ որևէ մեկը չհամարձակվի քաղաքացուն իր վաճառքի ցուցակում ընդգրկել, որովհետև ՀՀ քաղաքացին ինքնիշխան է, և նրա ձայնը եզակի է, ամեն քաղաքացի ունի մեկ ձայն, և ամեն մի քաղաքացի իր մեկ ձայնով կարող է կայացնել որոշում»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը, նորից դիմելով արմավիրցիներին, ներկայացրեց իրենց թեկնածուին: «Նա ձեզնից մեկն է, որ ձեր հետ է աճել և մեծացել: Գնացե՛ք ընտրատեղամասեր և քվեարկե՛ք Դավիթ Խուդաթյանի օգտին, որովհետև այս ընտրություններում դուք պարզապես քաղաքապետ չեք ընտրում: Այս ընտրություններում դուք շարունակում եք հեղափոխությունը: Եվ այն հեղափոխությունը, որ արեցինք հրապարակներում, մտնում է տեղամասեր»,- շեշտեց նա:

Փաշինյանն իր խոսքն ավարտեց հավաստիացումներով, որ «չեն խաբի ձեզ, վստահությունը գետնով չեն տա, որովհետև եկել ենք ձեզ՝ ժողովրդին ծառայելու: Դուք եք որոշելու, թե որքան պետք է ձեզ ծառայենք: Երբ որոշեք, որ չունեք այլևս մեր ծառայության կարիքը, մենք բոլորս կհեռանանք մեր պաշտոններից, որովհետև իշխանությունը մերը չէ, ձերն է, և մեր ամենակարևոր առաքելությունը ձեր իշխանությունը պաշտպանելն է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]