1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փարիզում տեղի է ունեցել «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

Փարիզում տեղի է ունեցել «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում տեղի ունեցավ Թումո Փարիզի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Forum des Image կենտրոնի նախագահ Մարկ Տեսսիեն, Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Թումոյի հիմնադիր Սեմ և Սիլվա Սիմոնյանները, տնօրեն Մարի Լու Փափազյանը, Հայաստանի ու միջազգային հարթակների պատվավոր այլ հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնից, բացման խոսքով հանդես եկավ Forum des Images կենտրոնի նախագահ Մարկ Տեսսիեն` նշելով, որ Թումո Փարիզը կդառնա Forum des Images-ի հենասյուներից մեկը: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ողջունեց հյուրերին և իր շնորհակալության խոսքը հայտնեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` նշելով, որ Թումո Փարիզի փորձը վարակիչ է եվրոպական մյուս երկրների համար, որոնք նույնպես ցանկություն են հայտնել ունենալ Թումո կենտրոններ. «Իրականում պատմական իրադարձություն է տեղի ունենում: Թումոյի արտահանումը Հայաստանից կրթական ոլորտում մեր լավագույն ցուցանիշներից մեկն է»:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Ուզում եմ բացատրել իմ երջանկությունը, քանի որ իմ երեխան էլ է Երևանում այցելում Թումո կենտրոն, և ես գիտեմ, թե ինչքան օգուտ է դա նրա համար, ինչքան է նա սովորում ու ինչքան երջանիկ է նա այնտեղ: Եվ ես էլ երջանիկ եմ, որ այսուհետ Փարիզի պատանիները ևս զգալու են այդ երջանկությունը»:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ողջունեց հյուրերին. «Կեցցե՛ Թումոն: Ցանկանում եմ այստեղ ներկա պատանիներին մաղթել, որ համարձակ լինեն ու ապագայի մասին մտածեն մարդասիրաբար և առանց սահմանափակումների»: Որից հետո Թումո կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը կիսվեց Թումոյի առաքելության գլխավոր սկզբունքներից մեկով. «Սա այն էներգիայի աղբյուրն է, բարի կամքի, լավատեսության ու վստահության այն համադրությունը, որը մենք ցանկանում ենք փոխանցել մեր պատանիներին: Բավական է մեկ անգամ ընկնել կախարդական կաթսայի մեջ փոքր ժամանակ, ու ստեղծարար էներգիայի չափաբաժինը կհերիքի ողջ կյանքի համար և կդարձնի անհաղթելի»:

Բացման արարողության ընթացքում գործի դրվեցին Թումո Փարիզի համար նախագծված «թռչող» թումոբիլները, որոնք նախագծվել են Թումոյի ճարտարապետ Բեռնար Խուրիի կողմից: Կենտրոնով շրջայց անցկացնելուց հետո հյուրերը հնարավորություն ունեցան փորձարկելու թռչող թումոբիլները և ծանոթանալու Թումոյի կրթական ծրագրին:

Թումո Փարիզը անվճար արտադպրոցական կրթություն է ապահովում ավելի քան 1500 ուսանողի: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին և թարգմանվել է ֆրանսերեն:

Փարիզը Թումոյի առաջին միջազգային հասցեն է: Հաջորդ կենտրոնի` Թումո Բեյրութի բացումը տեղի կունենա 2018-ի նոյեմբերին: Աշխատանքներ են տարվում նաև այլ քաղաքներում կենտրոններ բացելու շուրջ: Թումոյի միջազգային ընդլայնումը հնարավորություն է տալիս առավելագույնս իրականացնելու կենտրոնի գլխավոր առաքելությունը, որն է Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնել իր անվճար արտադպրոցական ծրագիրը: Գալիք տարվա ընթացքում Հայաստանում գործող 4 կենտրոններին կգումարվեն ևս երկուսը` Թումո Կողբն ու Մասիսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]