Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄՊՎ պատվաստումն ամենաանվտանգն է. միջազգային փորձագետները կիսում են պատվաստման ներդրման իրենց փորձը

ՄՊՎ պատվաստումն ամենաանվտանգն է. միջազգային փորձագետները կիսում են  
պատվաստման ներդրման իրենց փորձը

 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվաստանյութերի և վարակիչ հիվանդությունների բնագավառում հայաստանցի և արտասահմանցի մասնագետները մի հարկի տակ կքննարկեն պատվաստանյութերի հետ կապված ամենաթարմ տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  պատվաստանյութերի միջազգային սիմպոզիումի  գլխավոր թեմաներից է Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղից մահացության դեպքերը և ինչպես կարելի է դրանք կանխարգելել պատվաստման, ինչպես նաև հայտնաբերելի և բուժելի նախաքաղցկեղային ախտահարումների սքրինինգի միջոցով:

ԱՄՆ-ում և Հայաստանում ՖԱՅԴԵՔ-ի հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյանի խոսքով ՝ ՄՊՎ պատվաստանյութը քաղցկեղի դեմ պայքարի ամենատարածված երկրորդ միջոցն է աշխարհում: «Ես վստահ եմ, որ սիմպոզիումից հետո մենք կարողանալու ենք միջազգային փորձն օգտագործել իբրև գործիք, ներկայացնելու հանրությանը, որ ՄՊՎ պատվաստանյութը շատ արդյունավետ միջոց է կանխարգելելու քաղցկեղը ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Բրենդա Կորկորան ներկայացրեց ՄՊՎ պատվաստանյութի ներդրումը Իռլանդիայում: «2010թվականին մենք ներդրեցինք այս պատվաստանյութը Իռլանդիայում: Առաջին 4 տարիների ընթացքում շատ լավ ցուցանիշ ունեցանք, մինչև 80 տոկոս ընդգրկում: Այնուհետև ընկավ պատվաստման տոկոսը, քանի որ ծնողները մտահոգ էին պատվաստումների անվտանգության հարցերով: Ճապոնիայից և Դանիայից պատմություններ էին լսել»,-ասաց նա:

Կորկորան ասաց, որ իրավիճակը փրկելու համար համապարփակ կրթական ծրագիր մշակվեց առողջապահական կազմակերպիչների համար, որ ծնողներին միշտ նույն ուղերձը հասնի, անկախ այն բանից, թե ում հետ կխոսեն: «Մենք նաև խոսեցինք ծնողների հետ, հասկանալու համար իրենք ինչ մտահոգություն ունեն, մի շարք տեղեկատվական նյութեր պատրաստեցինք և սկսեցինք ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական ցանցերի միջոցով: Մեր ընդգրկումն այժմ 67 տոկոս է և մենք շարունակելու ենք աշխատանքն ավելի բարձրացնելու ընդգրկվածությունը»,-ասաց նա:

Առողջապահության ազգային գործակալության ներկայացուցիչ, Մոլդվան ներկայացնող Ալեքսեյ Ցեբան էլ հավելեց, որ ՄՊՎ պատվաստանյութը ներդրել են բոլոր զարգացած երկրները: «2017թվականին ներդրեցինք այս պատվաստանյութը մեր երկրում: Ծնողների, առողջապահության ներկայացուցիչների, լրատվամիջոցների հետ մեծ աշխատանք ենք կատարել: Մոլդովայում պատվաստման ընդգրկումը 65 տոկոս է: Մենք  գործունեություն ենք ծավալում սոցիալական ցանցերում, բայց հիմնական աշխատանքը առողջապահական աշխատակիցներինն է: Սա պատվաստումների մեջ ամենաանվտանգ պատվաստումն է»,-վստահեցրեց նա:

Հայաստանում դեռ 2017 թվականի դեկտեմբերին ներդրված պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են շատ ցածր ընդգրկվածություն. 13 տարեկան աղջիկների միայն  5 տոկոսն է ստացել այդ  պատվաստումը:

Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մտահոգիչ է համարում ցուցանիշը ու նշում, որ պատվաստանյութի ներկրումը լավ չի ընկալվել ոչ միայն բնակչության, այլ բուժաշխատողների շրջանում: «Մենք պատվաստման ներդրման հետ կապված նախապատրաստական ողջ միջոցառումներն իրականացնում էինք ճգնաժամային իրավիճակում, այսինքն` զուգահեռ իրականացվող հակապատվաստումային քարոզի հետ մեկտեղ: Այս իրավիճակում բավականին դժվար էր առկա ռեսուրսները միանգամից երկու ուղղությամբ աշխատացնելը: Արդյունքում  բնակչության շրջանում վախի, սարսափի մթնոլորտն ավելի գերակշռեց և մենք ունեցանք ցածր ընդգրկվածություն»,-ասաց նա:

Գայանե Սահակյանի խոսքով՝բուժաշխատողները  ևս կասկածներ ունեին պատվաստման հաջողության վրա և ունենալով որոշակի կասկածներ չկարողացան համոզվածություն ներշնչել բնակչության շրջանում:

«Ես կարծում եմ , որ այս իրավիճակը բոլորովին վերջնական չէ և այն կարելի է հետ դարձնել: Մեր բուժաշխատողներին մենք պետք է ներկայացնենք ապացուցողական  տեղեկատվություն, այլ երկրների փորձ և մեր հաջորդ քայլերը լինելու են շարունակական հետևողական աշխատանքներ»,-նշեց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:

Մարդու պապիլոմա վիրուսային վարակն արգանդի քաղցկեղի անխուսափելի պատճառն է: Այս հարուցիչը կարող է հեշտությամբ տարածվել մեկ այլ վարակակիր անձի հետ սեռական հարաբերության ժամանակ անմիջական շփման միջոցով:

Պատվաստանյութերի՝ մարդու պապիլոմայի վիրուսի , կարմրուկի, կապույտ հազի, և այլ թեմաներին նվիրված միջազգային սիմպոզիումը կազմակերպել են ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամը  ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Սիմպոզիումը կշարունակվի նաև հոկտեմբերի 18-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]