Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դա իրավաբանական հարց է. Փաշինյանը՝ վարչապետի ընտրության առաջին փուլում իր թեկնածությունն առաջադրելու հավանականության մասին

Դա իրավաբանական հարց է. Փաշինյանը՝ վարչապետի ընտրության առաջին փուլում իր 
թեկնածությունն առաջադրելու հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է իր հայտարարությունը, որով նա չէր բացառել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ իրականում դա քաղաքական հարց չէ: «Դա իրավական հարց  է: Եվ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած օրվա երկրորդ կեսի քննարկման արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ: Այնպես որ, դա իրավաբանական հարց է»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ դա մաքուր իրավաբանական խնդիր է, և ինքը պարզապես չի ցանկացել, որ որևէ նրբերանգ անտեսվի: «Նաև այդ պահը բարձրաձայնեցի, որպեսզի այն իրավաբանները, ովքեր ներգրավված չեն այդ բանավեճին, իրենք էլ տեսակետ հայտնեն, որպեսզի ամեն ինչ 100 տոկոսով ճշգրիտ լինի: Երեկ մի քննարկում կար, և ներկա հեղինակավոր իրավաբանների մեծ մասն ասում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց կային նաև իրավաբաններ, ովքեր ասում էին ,որ ամեն դեպքում ճիշտ էր այդ սցենարը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝վերջում բանավեճերի  արդյունքում կայացվելու է քաղաքական որոշում, սակայն հարցը քաղաքական ենթատեքստ չունի:

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպում էր ունեցել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում չէր բացառել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով: «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք  այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում այն ճանապարհը, որը միասին անցել ենք: Իհարկե, նաև այս անցումային շրջանում մենք պետք է որոշակի համաձայնություններ արձանագրենք, որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ և հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս ընթացքում նաև որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին,  որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու  կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և, իհարկե, ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք: Չնայած այս ընթացքում անընդհատ շփման մեջ ենք եղել, նաև  ճգնաժամի պահին, բայց ևս մեկ անգամ հանդիպել, քննարկելու առիթը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք հրավերին»,- ասել է վարչապետ Փաշինյանը»:

Այդ հանդիպմանը հետևեց վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որով սկիզբ է դրվում Ազգային ժողովի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am