1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆիլմ բոլորի համար. «Գործակալ 044. Օպերացիա Գեղարդ» կինոնկարը շուտով մեծ էկրան կբարձրանա

Ֆիլմ բոլորի համար. «Գործակալ 044. Օպերացիա Գեղարդ» կինոնկարը շուտով մեծ 
էկրան կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գործակալ 044. Օպերացիա Գեղարդ» լիամետրաժ գեղարվեստական Ֆիլմը հանրության դատին կհանձնվի հոկտեմբերի 18-ին:

Կինոնկարում Հռոմի Պապի հայաստանյան այցին ընդառաջ Սուրբ Գեղարդը տեղափոխվում է թանգարան, որպեսզի հանրության լայն շրջանակը կարողանա այն դիտել: Պապի ժամանումից ընդամենը 7 օր առաջ այն թանգարանից գողանում են:  Հատուկ կազմված հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին: Նրա Հայաստան գալու առաջին իսկ վայրկյաններից պարզ է դառնում, որ Հենզելն անհաջողակ է, սակայն այդ անհաջողությունները վերածվում են հաղթանակների:

«Կինոնկարը և՛ կատակերգություն է, և՛ դետեկտիվ: Նախկինում հայկական իրականության մեջ այդ ժանրում արված այլ ֆիլմերում ի սկզբանե պարզ է լինում, թե որտեղ է գողացված այս կամ այն բանը, ով է մեղավորը, և գլխավոր հերոսները փորձում են գտնել մեղավորին ու պատժել նրան: Այս դեպքում բացահայտումները շղթայական են: Ֆիլմի մինչև վերջին պահը մենք չենք կռահում, թե ով է այդ ամենի ետևում կանգնած և թե ինչ նպատակով է արվել գողությունը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց կինոնկարի սցենարիստ Նարեկ Ավագյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմում Հենզելին մարմնավորած դերասան Մկրտիչ Արզումանյանը մի քանի կերպարներում է հանդես գալիս: «Հենզելը պետք է բացարձակ թաքուն գործի և մուտք չունի մի շարք վայրեր, հետևաբար ստիպված է իր բոլոր հարցերը լուծել կերպարանափոխվելու միջոցով: Այդպես նա կարողանում է հայտնվել տարբեր հաստատություններում, միջավայրերում և հարցաքննել համապատասխան մարդկանց»,-պատմեց սցենարիստը:

Անդրադառնալով ֆիլմում ընդգրկված դերասանական կազմին՝ Ավագյանը փաստեց, որ կինոժապավենը կառուցվել է Մկրտիչ Արզումանյանի շուրջ, իսկ մյուս դերասաններն ընտրվել են քասթինգի միջոցով: «Կարծում եմ` շատ լավ է, որ քասթինգի մշակույթը զարգանում է, ողջունելի է դերասանների քասթինգ անցնելու պատրաստակամությունը: Լինում են դեպքեր, երբ հայտնի դերասաններն ասում են. «Ինչպե՞ս…ես քասթի՞նգ անցնեմ»: Քասթինգը լավ պրակտիկա է, և մենք չսխալվեցինք: Իհարկե, կան կերպարներ, որոնք մեր պատկերացրածից մի փոքր այլ են ստացվել, բայց դա չի նշանակում, որ ավելի լավն են կամ ավելի վատն են: Ըստ իս` բոլոր կերպարներն էլ ստացված են: Հետաքրքիր, գունեղ հերոսներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը»,-շեշտեց նա:

Նարեկ Ավագյանը նախկինում աշխատել է «Եռաչափ սեր» ժամանցային հեռուստասերիալի, «Տնփեսա» և «Դոմինո» սիթքոմների,  «Պլյուս-մինուս» ներկայացման սցենարների և այլ նախագծերի վրա:  «Գործակալ 044. Օպերացիա Գեղարդ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նրա առաջին լայնածավալ աշխատանքն է այդ ժանրում: Ավագյանը նշեց, որ փորձել են ստեղծել ֆիլմ բոլորի համար: «Ի սկզբանե իմ առաջ խնդիր եմ դրել մշակել այնպիսի սյուժե, որում  յուրաքանչյուր մարդ, անկախ ազգությունից, սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից, գտնի իր քիմքին հաճելի հումոր: Թեման պտտվում է Սուրբ Գեղարդի շուրջ, որի անհետացումը երկրի համար շատ կարևոր կորուստ է: Նման սցենարը կարող են հասկանալ նաև այլ ազգերի ներկայացուցիչները, եթե իհարկե ֆիլմը թարգմանվի: Այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ կան դրվագներ, հումորներ, որոնք առավել կամ գուցե բացառապես ընկալելի են հայ հասարակության համար»,-եզրափակեց Ավագյանը:

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Հայկ Սարգսյանը, Մարիամ Ադամյանը, Արմեն Մարգարյանը, Մարիամ Դավթյանը, Մակար Գալստյանը: Բեմադրող ռեժիսորը Հայկ Կբեյանն է, բեմադրող օպերատորը՝ Արթուր Ուստյանը, գծային պրոդյուսերը Վահան Գրիշկյանն է, իսկ կինոնկարի պրոդյուսերը Տիգրան Համբարձումյանն է:

Ֆիլմը նկարահանվել է «PersonaJe Films»-ի կողմից:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]