Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Ձորագյուղում հանդիսավորությամբ բացվեց համայնքի մուտքի կամարը


ԳԱՎԱՌ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում, բարերար, ձորագյուղցի գործարար Ներսիկ Մովսիսյանի միջոցներով եւ ճարտարապետ Դերենիկ Եփրեմյանի նախագծով կառուցվեց եւ հոկտեմբերի 16-ին բացվեց գյուղի մուտքի պատմաճարտարապետական կամարը, որը նստած է բազալտակուռ երկու աշտարակաձեւ խոյակների վրա եւ ազդարարում է բնակավայրի պատմական անվանումն ու հիշողությունը՝ Ալաշկերտ-Շողագա-Ձորագյուղ վերտառությամբ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մուտքի կամարի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Հայաստանում ու արտերկրում բնակվող նախկին ձորագյուղցիներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքից եւ Հայաստանի տարբեր մարզերից հրավիրված հյուրեր:

Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս Վարդապետ Դավթյանը: «Այս խորհրդանշական կամարը թող դառնա միավորումը մեր ազգի, թող այն ավելի համախմբված ու ավանդապաշտ, հայրենի արժեքներով ապրող ու շնչող դարձնի գալիք սերունդներին»,- օրհնության խոսքում նշեց Կիրակոս վարդապետ Դավթյանը: Մուտքի կամարի բացման պատիվը վերապահվեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանին եւ կառույցի նախաձենող ու հովանավոր Ներսիկ Մովսիսյանին:

«Ձորագյուղում այսօր միասնության ուխտի օր է, որին մասնակից են հազարավոր ձորագյուղցիներ եւ հյուրեր: Պատմական դարերն իրար կամրջող արժեքների մեջ է այս կամարի վեր խոյացման խորհուրդը: 1830 թվականին Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ Գավառի Չլկանի գյուղից Գեղամա աշխարհի Շողվագ պատմական բնակավայրում հաստատվում են 52 ընտանիք, որոնց սերունդները 178 տարի շարունակ շենացնում ու ծաղկեցնում են նոր հայրենիք դարձած Շողվագ-Ձորագյուղը: Այսօր Ձորագյուղն ունի 4800 բնակիչ եւ 1300 տնտեսություն, եւ համարվում է Հայաստանի ամենածաղկուն ու հզոր համայնքներից մեկը: Բացի այդ, նրա զավակները, որոնց ընդհանուր թիվն աշխարհով մեկ մոտենում է շուրջ 11 հազարի, ապրում ու արարում են նաեւ նրա սահմաններից դուրս՝ Հայաստանում կամ արտերկրում: Անցած 178 տարիների ընթացքում Ձորագյուղը տվել է  հանրաճանաչ գիտնականներ, գրողներ, զինվորականներ, մտավորականներ, պետական ու հասարակական գործիչներ, շինարարներ, աշխատանքի հերոսներ: Նրա զավակները հերոսաբար մաքառել են հայրենի հողի պաշտպանության համար թե՛ Սարդարապատում, թե՛ Մեծ հայրենականի ռազմադաշտերում, թե՛ Արցախյան ազատամարտում: Ձորագյուղն իր պատմության մեջ հյուրընկալել է Հայոց երեք կաթողիկոսների՝ Խրիմյան Հայրիկին, Խորեն Մուրադբեկյանին եւ Գարեգին Առաջինին: Շողվագ-Ձորագյուղը ժամանակին եղել է Աշոտ Առաջին Բագրատունու դուստր Մարիամ Սյունեցու նստավայրը, որտեղ նրա հովանավորությամբ վեր են բարձրացել Շողագավանքը եւ Մասրուց Անապատ եկեղեցին: Այս կամարն անխոս իրար է կապում մեր պատմական հիշողությունը: Մի խոյակը խորհրդանշում է պատմական Ալաշկերտը, որտեղ մեր նախնիներն աշխարհում առաջին անգամ պետականորեն  ընդունեցին քրիստոնեությունը՝ մկրտվելով Արածանիի ջրերում, իսկ մյուս խոյակը՝ պատմական Գեղամա աշխարհը, որի լեռներով մեկ սփռված ժայռապատկերներում քանդակված են հավերժության նշաններն ու խաչերը: Այս նորակերտ հուշարձանը կդառնա մեր հավերժության նորօրյա խորհրդանիշը, մեր գալիք դարերի առհավատչյան: Անշուշտ, այս խոյակների տակ դրված է սեր եւ հոգի»,- իր ելույթում նշեց Ձորագյուղի բնակիչ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի  ատենապետ Սարո Ղազարյանը:

«Ներսիկ Մովսիսյանը մեր գյուղի անմահության հուշարձանն է կառուցել ու նվիրել սերունդներին: Մեր համայնքի բոլոր բնակիչների անունից իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բարերար Ներսիկ Մովսիսյանին ու ճարտարապետ Դերենիկ Եփրեմյանին, որոնց ջանքերով մենք ունեցանք այս շքեղ ու արժեքավոր կառույցը: Ձորագյուղում Հայաստանի երրորդ հանրապետության տարիներին զարգացման բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնց շարքում իր ուրույն ու մնայուն տեղն արդեն ունի այս հուշարձանը: Համոզված եմ, որ Ներսիկի օրինակին կհետեւեն մեր գյուղի մյուս ձեռներեց-բարերարները՝ ավելի շենացնելով  ու գեղեցկացնելով իրենց հայրենի գյուղը»,- ընդգծեց համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը:

«Ձորագյուղը մեր մյուս համայնքներից տարբերվում է երկու գլխավոր առանձնահատկությամբ: Այն մի բնակավայր է, որտեղ առավել հարգի են կրթությունն ու ավանդապաշտությունը: Այդ առանձնահատկություններն էլ նպաստում են ազգապահպանությանը, մեր պատմական հայրենիքի հետ կապված ամեն մի հիշողության ամրապնդմանը: Այս հուշարձանը, անշուշտ, կամրջում է մեր ժողովրդի անցյալն ու ներկան, ապրելու եւ արարելու ձգտումը: Օգտվելով առիթից՝ հորդորում եմ մեր գործարարներին՝ գալ մարզ եւ ներդրումներ անել տարբեր բնագավառներում, շենացնել ու հզորացնել մեր աշխարհը: Մենք կլինենք ձեզ աջակից ու քաջալերող: Շնորհավորում եմ բոլորիդ այս հուշարձանի բացման առթիվ, ինչը վերածվել է համաժողովրդական տոնի», -հանդիսության մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այս հուշարձանի կերտմամբ ոչ միայն հարստանում է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, այլ նաեւ զորանում է ազգապահպանության շրջանակը: Ձորագյուղի տարածքում պահպանված է պատմամշակութային հզոր ժառանգություն՝ հնագույն ռազմական 4 ամրոցի ավերակներ, մատուռներ, սրբավայրեր, եկեղեցիներ ու վանքեր, հոգեւոր այլ արժեքներ: Հնում կամարները խորհրդանշել են քաղաքի դարպասները, որոնք նաեւ հաղթանակի կամարներ են նշանակել: Սա էլ մեր Ձորագյուղի հաղթական դարպասն է, որն այլեւս գրանցվում է պատմամշակութային ժառանգության արժեքների շարքում»,- նկատեց հնագետ, «Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի» Հայաստանյան կազմակերպության նախագահ, «Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարանի» հեղինակ եւ գլխավոր խմբագիր, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հակոբյանը:

Վերջինս «Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի ոսկե հուշամեդալով» պարգեւատրեց կառույցի նախաձեռնող ու հովանավոր Ներսիկ Մովսիսյանին, շնորհակալագրով՝ ճարտարապետ Դերենիկ Եփրեմյանին:

Միջոցառումն ավարտվեց «Թագավորի գովնդ» ազգային պարով՝ հանդիսության մասնակից հարյուրավոր ձորագյուղցիների կատարմամբ:  

 

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ