Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեւանը եւ Գրենոբլը համագործակցությունը կշարունակեն ավելի հավակնոտ ծրագրերով

Սեւանը եւ Գրենոբլը համագործակցությունը կշարունակեն ավելի հավակնոտ ծրագրերով

ԳԱՎԱՌ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքների 14-ամյա համագործակցությունը կշարունակվի ավելի ընդգրկուն ու հավակնոտ ծրագրերով, ինչի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու քաղաքապետերի միջեւ, Գրենոբլի պատվիրակության՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում Սեւան քաղաք կատարած այցի ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, մինչ Երեւանում ընթանում էին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի  աշխատանքները, Սեւանը հյուրընկալում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ: Գրենոբլի պատվիրակության կազմում էին կաբինետի տնօրեն Օդիլ Բարնոլայը, միջազգային բաժնի տնօրեն Էրիկ Ռեքուրան, հայ համայնքի ներկայացուցիչներ, Գրենոբլի հայկական մշակույթի տան նախագահ Պասկալ Բաբախյանը, մշակույթի տան հոգաբարձուների խորհրդի անդամ, տեղեկատվության հարցերով պատասխանատու Բեդրոս Ագոբյանը, Գրեգուար Ատամյանը եւ Սիրանուշ Խաչատրյանը:

«Հագեցած եւ բազմաշերտ օրակարգը հնարավորություն տվեց, որպեսզի ֆրանսիացի գործընկերները ոչ միայն տեղում ծանոթանան 14-ամյա ապակենտրոնացված համագործակցության ընթացքում իրականացված նշանակալի ծրագրերին, այլ նաեւ վայելեն Սեւանի զբոսաշրջային գրավչությունները:

Գրենոբլի քաղաքապետ Պիոլը հանդիպման ընթացքում կարեւորեց հայ համայնքի դերը: Պաշտոնական տվյալներով՝ Գրենոբլում բնակվում է 3500 հայ: Շուրջ 35 տարի Գրենոբլում գործում է հայ մշակույթի տունը, որը ինքնատիպ կամուրջ է հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւՀանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու քաղաքների տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկություններին, համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերին:

Պաշտոնական այցի երկրորդ օրը գործընկերները շրջայց կատարեցին քաղաքում, այցելեցին այն հաստատություններ եւ կազմակերպություններ, որտեղ իրականացվել են ծրագրեր: Սեւանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ, թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզում արեւային ջրատաքացուցիչի տեղադրմանը զուգահեռ հիմնանորոգվել է բուժկետը, բազմագործառութային քոլեջում  հիմնվել է էլեկտրատեխնիկական, ռոբոտատեխնիկային վերաբերող լաբորատորիա, անցկացվում է վերականգնվող էներգիային վերաբերող դասավանդման մոդուլ, Սեւանի բժշկական կենտրոնը հագեցել է անհրաժեշտ բուժսարքավորումներով: Զբոսաշրջային գործի բարելավման նպատակով էլ արդեն մի քանի տարի գործում է տեղեկատվական շարժական գրասենյակը: Այցի հասցեներում ծանոթությունը համատեղվում էր նախնական պայմանավորվածություններով, նոր ծրագրերի ուրվագծումներով: Հյուրերին սպասում էր նաեւ համերգային ծրագիր, որը ներկայացրին ֆրանսերենի ուսուցման ամառային դպրոցի այս տարվա ունկնդիրները: Սա եւս ֆրանկոֆոն ընտանիքին ներգրավելու լավագույն վկայություններից մեկն էր, որը ֆրանսիացիներին մեծ բավականություն եւ հիացմունք պատճառեց: Գրենոբլի պատվիրակությունը այցելեց նաեւ «Բոհեմ արվեստանոց-թեյարան», ծանոթացավ համագործակցային մի քանի ծրագրերի:

Առաջիկա ծրագրերի մասին երկու քաղաքների առաջին դեմքերը ձեռք բերեցին պայմանավորվածություններ: Հրաժեշտից առաջ Գրենոբլի քաղաքապետն իր խորին շնորհակալությունը հայտնեց ընդունելության եւ հյուրընկալության համար, որից այնքան տպավորված էր, ինչպես նաեւ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին հրավիրեց Գրենոբլ` ի նշան իրենց համագործակցության:

Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը վստահեցրեց, որ հանդիպումը չի ուշանա, իսկ Սեւան-Գրենոբլ համագործակցությունն էլ հավակնում է դառնալ արդյունավետ եւ նպատակասլաց գործընկերության լավագույն օրինակ»,- նշեց Արմինե Ղուկասյանը:

 

Խոսրով Խլղաթյան

 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]