1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ղարաբաղյան շեշտադրումները» Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին

«Ղարաբաղյան շեշտադրումները» Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2018թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում ընդունված փաստաթղթերից երկուսում կա անդրադարձ նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Մասնավորապես, «Երևանյան հռչակագիրը» և «Ֆրանկոֆոնիայի տարածքում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը» մի շարք դրույթներ են պարունակում Ղարաբաղյան հակամարտության մասին: Նշենք, որ ՖՄԿ-ն իր առաջնային նպատակներից է համարում խաղաղության, ժողովրդավարության խթանումը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար, կազմակերպության անդրադարձը հակամարտությունների կարգավորմանը բխում է կազմակերպության հռչակած նպատակներից:

Երևանյան հռչակագիրի 18-րդ կետն, անդրադառնալով ֆրանկոֆոն տարածքների հակամարտություններին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությանը, «դատապարտում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, ինչպես նաև մարդասիրական հարցերի քաղաքականացումը՝ կոչ անելով պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և երաշխավորել նրանց հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հակամարտությունների գոտիներում, ինպես նաև երաշխավորել հումանիտար օգնության արագ և անխոչընդոտ հասանելությունն  այդ տարածքում»: Հռչակագրի 19-րդ կետի համաձայն` ՖՄԿ-ն հայտնում է իր «աջակցությունը հակամարտությունների և ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը, որոնք իրենց ազդեցությունն ունեն ֆրանկոֆոնիայի տարածքի վրա, և խրախուսում է բանակցությունների, բարի ծառայությունների և միջնորդության իրականացումը՝ հասնելու համաձայնեցված որոշման հակամարտությունների և ճգնաժամերի վերաբերյալ»:

Գագաթնաժողովի շրջանակներում ընդունված «Ֆրանկոֆոնիայի տարածքում ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ բանաձևը», վերահաստատելով ՖՄԿ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ընդգծում է, որ «տևական խաղաղությունը ենթադրում է հակամարտության բոլոր կողմերի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա»: Բանաձևը կոչ է անում «հակամարտության բոլոր կողմերին թուլացնել ճնշումները, հարգել զինադադարը, խուսափել սպառնալիքերից և իրականացնել նախկին համաձայնագրերը»: Այն նաև «հորդորում է կողմերին վերսկսել բանակցային գործընթացը՝ նպատակ ունենալով հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքերի՝ մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա»:

Հատկանշական է, որ սա ՖՄԿ-ի առաջին անդրադարձը չէ Ղարաբաղյան հակամարտությանը: 2010թ.-ից ընդունված իր փաստաթղթերում ՖՄԿ-ն իր աջակցությունն է հայտնել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»՝ կոչ անելով «հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ սպառնալիքի կամ ուժի գործադրման ցանկացած փորձից, որը կարող է վտանգել խաղաղության գործընթացը»: Կազմակերպությունը նաև կոչ է արել «շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք»:

Ակնհայտ է, որ ՖՄԿ-ն, հավատարիմ մնալով է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ներքո ընթացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին իր հանձնառությանը, նաև նոր շեշտադրումներ է կատարում: Մասնավորապես, ընդգծվում է կարգավորման գործընթացում հակամարտության բոլոր կողմերի ներգրավվածության անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմերը մշտապես բարձրաձայնել են: Մասնավորապես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտության կողմ է, և պետք է առավել անմիջական ներգրավվածություն և որոշիչ ձայն ունենա կարգավորման գործընթացում:

Մյուս կարևոր շեշտադրումը, թերևս, վերաբերում է խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման կարևորությանը: Երևանն ու Ստեփանակերտը բազմիցս հայտարարել են, որ հնարավոր չէ բանակցային գործընթացում հաջողության հասնել, երբ սահմաններին կրակոցներ են հնչում, երբ շարունակվում է ռազմատենչ հռետորաբանությունն ու ատելության քարոզը, երբ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում: Հետևաբար, միայն 1994-1995 թվականների զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումն ու բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը կարող են նպաստավոր պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի առաջմղման համար:

Կարևոր է նաև ՖՄԿ անդրադարձը հակամարտության գոտիներում հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Հայկական կողմերը տարբեր առիթներով հայտարարել են, որ միջազգային հանրությունը և համապատասխան կառույցները վաղուց արդեն պետք է ձեռնամուխ լինեին միջազգայնորեն չճանաչված տարածքներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մեխանիզմների մշակմանը: Անկախ ճանաչված կամ չճանաչված լինելու հանգամանքից՝ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը պետք է երաշխավորված լինի, իսկ մարդասիրական խնդիրների քաղաքականացումը պետք է բացառվի:

Հասկանալի է, որ ՖՄԿ գագաթնաժողովի շրջանակներում նման փաստաթղթերի նախապատրաստման և ընդունման համար տևական ջանքեր են գործադրվել, և ակնհայտ է, որ Հայաստանին հաջողվել է իր համար ցանկալի ձևակերպումներ ամրագրել: Սա բավական կարևոր է նաև քաղաքական առումով և պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստիպված եղավ արձագանքել Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի «Ղարաբաղյան շեշտադրումներին»:

 

Հովսեփյան Արփինե


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]