Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

ՀՀԿ-ն կքննարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին կողմ կամ դեմ քվեարկելու հարցը

ՀՀԿ-ն կքննարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին կողմ կամ դեմ 
քվեարկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը դեռ  կանցկացնի քննարկումներ` Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին դեմ կամ կողմ քվեարկելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԱԺ-ում Արարատ Միրզոյանի և ՀՀԿ խմբակցության քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախին նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ այս օրենսգիրքն այն տեսքով, որով բերվել է, չի արտացոլում կառավարության ծրագրի հիմնական, գործնական խոստումները: Այդ ծրագրով նախատեսվում էր միասնական համակարգ ներդնել, բացառել կրկնաքվեարկությունները, տեխնիկական միջոցների ներդրում, ցուցակների մաքրում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

 Դիտարկմանը` ՀՀԿ-ն դեմ կքվեարկի փոփոխություններին, նա նշեց` խմբակցությունում դեռ կքննարկեն այդ հարցը, սա առաջին քննարկումն էր: «Մենք այսօր լսում էիք կառավարության հանձնաժողովի մոտեցումները, անպայման կքննարկենք կուսակցությունում, խմբակցությունը ևս կքննարկի, որոշում կկայացվի, որի մասին կհայտնենք»,- նշեց Սարգսյանը:

Նա հավելեց` կոնցեպտուալ սխալ է տեսնում Ընտրական օրենսգիրքը հապճեպ փոփոխելու մեջ: «Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքի համաձայն ևս` Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո ժամանակ է պետք, որ կուսակցություններն այդ օրենսգրքով պատրաստվեն ընտրությունների»,- նշեց Սարգսյանը:

Նա նկատեց` Կառավարությունն առաջարկում է, որ 30 տոկոս ոչ կուսակցականները դառնան 40 տոկոս: Դա ևս նշանակում է , որ կուսակցությունները բազմաթիվ մարդկանց հետ պետք է սկսեն բանակցություններ: Սարգսյանը շեշտեց` դեռ չի կարող ասել` ՀՀԿ-ն կողմ, թե դեմ կքվեարկի:

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Գործադիրն առաջարկում է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու վերը նշված փաթեթը: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակել խորհրդարանական խմբակցությունների հետ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]