Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ԱԺ ընտրություններին կարող է հանդես գալ «Իմ քայլը» դաշինքի կազմում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ԱԺ 
ընտրություններին կարող է հանդես գալ «Իմ քայլը» դաշինքի կազմում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի կազմում: Սակայն Սիմոնյանը չկարողացավ մանրամասնել, թե ովքեր ներգրավված կլինեն այդ դաշինքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին նշեց Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ ունեցած տեղեկություններով և իմ տրամաբանությամբ, կարծում եմ, որ մենք ընտրություններին պետք է մասնակցենք «Իմ քայլը» դաշինքով։ Թե ով ներգրավված կլինի այդ դաշինքում, չեմ կարող ասել: Ես այս պահին տեղեկություն չունեմ, որ որևէ ուժ այդ հարցով գրավոր դիմած լինի մեզ»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց՝երբ նման առաջարկներ լինեն, իրենք կքննարկեն: 

Նա կարևորեց, որ իրենց ցուցակում լինեն արհեստավարժ մարդիկ: Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրենց ցուցակում լինեն նախկին իշխանության ներկայացուցիչներ, նա պատասխանեց՝ ինչպես վարչապետն էր ասել՝ հների ու նորերի, յուրայինների և ոչ յուրայինների բաժանումներ չեն անելու: 

Անդրադառնալով  կուսակցությունների ու դաշինքների համար անցողիկ շեմի նվազեցմանը՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ դա ճիշտ որոշում էր: Դա հնարավորություն կտա փոքր կուսակցություններին կայանալ՝ որպես իսկական քաղաքական ուժ։ 

Սիմոնյանը նշեց՝ իրենց քաղաքական ուժի համար Ընտրական նոր օրենսգիրքը գերնպատակ չէ: «Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ պատգամավորները որոշեն կողմ չքվեարկել քննարկումների ընթացքում։ Սակայն, կարծում եմ, որ հենց մյուս ուժերի շահերից է բխում նոր Ընտրական օրենսգիրքը, և նրանք, այնուամենայնիվ, կողմ կքվեարկեն դրան»,- նկատեց Սիմոնյանը:

Նրա կարծիքով՝ Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը բարդություններ էր առաջացնում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]