Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովմանը, և ի վերջո ընտրվող իշխանությունների լեգիտիմության բարձրացմանը։ «Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների, ինչպիսիք են`թեկնածուների տարածքային ցուցակների վերացումը, պարզ համամասնական ընտրակարգի ընդունումը, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացումը և ժամկետների ընդլայնումը, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցումը, ընտրագրավի գումարի իջեցում և նվազագույնը 4 կուսակցությունների  (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովումը, կանանց ներկայացվածության քվոտայի բարելավումը, «Բոնուսային համակարգի» վերացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զեյնալյանը:

Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված, մասնավորապես, ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով, որը ենթադրում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին: Նախատեսվել է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար, հետագայում այս հարցին անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համատեքստում:

Ընտրողների իրազեկվածության բարձրացման նպատակով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով  կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը: Ապահովվել է նաև ԶԼՄ-ներով ոչ միայն քարոզարշավի, այլև ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների ու դրանց ծրագրերի առավել հավասար լուսաբանման կարգավորումը՝ հարգելով խոսքի ազատությունն ու բազմակարծության իրավունքը, ինչպես նաև զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել մեխանիզմներ զինծառայողներին նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետևելու համար:

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացման համար նախատեսվում է, մասնավորապես, կրճատել ՀԿ-ների հավատարմագրելու վերջնաժամկետը՝ սահմանելով հավատարմագրման իրականացման համար ողջամիտ ժամկետ և նորարարական տեխնոլոգիական լուծումներով պարզեցնել ԿԸՀ-ի կողմից իրականացվող գործընթացները, վերացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գումարային  թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը, սահմանել միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը և այլն:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ