1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

6-րդ տարեդարձն Անահիտն այսօր կդիմավորի քաղցկեղը հաղթահարած

6-րդ տարեդարձն Անահիտն այսօր կդիմավորի քաղցկեղը հաղթահարած

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպն ընթերցելու կամ վերընթերցելու դեպքում, կմտաբերեք այն դրվագը, երբ բժիշկ Ժաֆֆեն գլխավոր հերոսին  առաջարկում է իր հետ հիվանդանոցում մասնակցել երեկոյան շրջայցի:  Խորաթափանց բժիշկը նպատակ ուներ ցույց տալ Ռոբերտ Լոհքամփին, որ միայն նրա սիրելի կինը չէ, որ ծանր հիվանդ է, այլ շատ մարդիկ ճակատագրի բերմամբ առավել դժվարին իրավիճակում են հայտնվում՝  ամենօրյա  պայքար մղելով տարատեսակ  հիվանդությունների դեմ:  Պացիենտների հիվանդության ընթացքին և բուժմանը վերաբերող նկարագությունները, ցավոք, գերմանացի ականավոր գրողի երևակայության արդյունքը չեն, այլ վերցված են իրական կյանքից, ունեն իրական նախատիպեր:

Ամենօրյա լրահոսում մեզ համար, կարծես, սովորական են դարձել տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների լուսանկարներով և նրանց հիվանդության մանրամասները ներկայացնող տեքստերով հրապարակումները: Գործով ծանրաբեռնված մենք սահմանափակում ենք մեր աջակցությունը տվյալ երեխային ընդամենը մեկ լայքով կամ առավելագույն դեպքում հնարավորության դեպքում աջակցում ենք գումարով: Մինչդեռ նման լուրերի առատությունը հաճախ չի նպաստում, որպեսզի գիտակցենք, որ յուրաքանչյուր նման գրառման հետևում մի մարդու կյանքի, ճակատագրի պատմություն է, որը պահանջում է նաև նկարագրության և մոտեցման որոշակի նրբություն:

Ամեն մի հիվանդասենյակում,  հատկապես, երբ խոսքը վերաբերում է փոքրիկներին, կուտակվում են մարդկային աննկարագրելի ապրումներ, որոնք դժվար է պատմել խոսքերով:

6 տարեկան Անահիտ Բալաբեկյանը նախորդ տարվա հունիսին դեռ չգիտեր, որ իրեն հիվանդությունը հաղթահարելու  երկար ու դժվարին ուղի է սպասվում:

Հրազդանում բնակվող Անահիտը մայրը՝ Նարինե Ադամյանն անցած տարվա հունիսից աշխատանքի է անցնում Հանքավանում որպես խոհարար: Ողջ կյանքում չի աշխատել, սակայն երեք անչափահաս երեխա ունեցող ընտանիքի հոգսերի պատճառով է աշխատելու որոշում կայացրել: Համաձայն պայմանագրի պետք է երեք ամիս մնար Հանքավանում, դեռ ընդամենը 20 օր էր անցել, ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն ինչ-որ անհասկանալի զգացողություն, անհանգստություն իրեն ստիպել է վերադառնալ տուն:

«21-րդ օրվա ավարտին, աշխատանքն ավարտելուց հետո ինչ-որ բան ինձ ստիպեց, որ գնամ տնօրենի մոտ ու ասեմ, որ այլևս չեմ կարող աշխատել: Խնդրեցի ինձ տուն ուղարկել, անգամ չսպասեցի որ լույսը բացվի և երեկոյան կեսգիշերին մոտ վերադարձա տուն»,- պատմում է Նարինեն:

Իսկ արդեն տանը երեխաների հետ հանդիպումից հետո պարզ է դառնում, որ հանկարծակի վրա հասած տագնապը պատահական չէր: Հավանաբար մայրական սիրտը զգացել էր կրտսեր երեխայի հետ պատահած դժբախտությունը:

Ոչ բնական ձևով մեծացել էր փոքրիկ Անահիտի որովայնը, մյուս երեխաները մտածել են թե գիրության նշան է, մինչդեռ Նարինեն բնավ չունենալով բժշկական կրթություն հասկացել  է, որ մարմնի փոփոխությունը վատ բան է կանխորոշում:

«Երբ երեխայիս շորը բարձրացրի, կարծես ողջ աշխարհը շուռ եկավ գլխիս, չգիտես ինչու նախկինում միշտ նյութեր էի կարդում բժշկության մասին ու հատկապես կարդացել էի քաղցկեղի մասին»,- շարունակում է Նարինեն:

Լույսը բացվելուն պես երեխային տանում է առողջության պահպանման առաջնային օղակի բժշկական հաստատություն: Սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում,  բժշկի ցուցմամբ, երեխային շտապ տեղափոխում են Երևան:

Նարինեի բնորոշմամբ՝ ինքն ուժեղ մարդ է, բայց երեխայի հիվանդության  ախտորոշմանը սպասելիս պարզապես ուշաթափվել է:

Երեք օր հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ Անահիտի մոտ առկա են վիրահատության ենթակա նորագոյացություններ: Նարինեն հիշում է, ինչպես  հիվանդանոցում անկացրած օրերին նախապես պատկերացրել է այն դժվար ճանապարհը, որը սպասում է առաջին հերթին երեխային և իրեն: Բայց նահանջելու այլընտրանք չկար, միակ մարդը, որ հենց այդ պահին կարող էր օգնել իրեն դա հենց ինքն էր, իր համառությամբ, համբերությամբ և հավատով:  

Երևանյան մանկական առաջատար բժշկական հաստատություններից մեկում առանց րոպե իսկ կորցնելու բժիշկները սկսել են վիրահատությունը: Կարճ ժամանակ անց բժիշկը հաղորդել է ծնողներին, որ երեխայի որովայնը բացել են և փակել, քանի որ նորագոյացությունները չափազանց շատ էին ու հնարավոր չէր ոչինչ անել, պարզապես անհրաժեշտ նյութը ուղարկվել է բիոպսիայի:  Քիմիաթերապիա կատարելու անհրաժեշտություն էր առաջանում: Բարեբախտաբար մեր երկրում մանկական ուռուցքաբանության ոլորտի սրընթաց զարգացումն ակնհայտ է: Եվ այսօր մի քանի բժշկական հաստատություններում հաջողությամբ իրականացվում է չարորակ նորագոյացությունների բուժման այս եղանակը:  

 «Բերկիտի լիմֆոմա». սա էր այն ախտորոշումը, բայց ոչ դատավճիռը, որի պատճառով 5-ամյա Անահիտն անցել է քիմիաթերապիայի 6 կուրս, 8 ամիս տևողությամբ:  Այդ ընթացքում երեխան նաև ևս մեկ վիրահատություն է տարել:

Մայրը խոստովանում է, որ հիվանդության հաղթահարման ուղին անխոս հեշտերից չէր, բայց այն հաղթահարվեց շնորհիվ երեխայի աննկարագրելի ուժի և իհարկե բժիշկների աջակցության:

«Ոչ  թե մենք ենք իրեն ուժ տվել, այլ ինքը մեզ, նման ուժեղ մարդ ես երբևէ  չեմ տեսել, նման ուժեղ փոքրիկ»,- առանց ավելորդ համեստության ասում է մայրը:

Բուժման ընթացքում, իր ծննդյան օրը Անահիտը  «Նարեկը» է նվեր ստացել, խնդրել է, որ մայրը կարդա: Յուրաքանչյուր հասուն մարդ հասկանում է, որ հանյահայտ այս պոեմը կարդալը բավականին բարդ է, սակայն երեխան համառել է, որ հեքիաթի փոխարեն մայրն իրեն կարդա հենց այս ստեղծագործությունը: Գուցե անհավատալի թվա, սակայն չորս տարեկանից անհոգ մանկությունը հիվանդանոցային առօրյայով փոխարինած փոքրիկ աղջիկը երկարատև բուժման  ողջ ընթացքում խոսել է Աստծո մասին: Անահիտն ունի 19 տարեկան քույր և 16 տարեկան եղբայր: Ապաքինվել է և այսօր ապրում է լիարժեք կյանքով:

Հոկտեմբերի 16-ն Անահիտի ծննդյան օրն է: Առաջին մարդը, որին նա սրտանց հրավիրել է տարեդարձին իր բժիշկն է, ում  վստահում է անվերապահորեն և ով օգնեց նրան  հաղթահարել կյանքում պատահած առաջին մեծ փորձությունը: 

Տաթևիկ Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]