Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԲԴԽ-ն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությանը

ԲԴԽ-ն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը՝ Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, առաջին հանդիպումը սկսեց Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ օրակարգային հարցերի քննարկմամբ:

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց Հոլանդիայի գործընկերների այցը Հայաստան՝ այն համարելով Խորհրդի միջազգային կապերի ամրապնդման առաջին քայլերից: 

Խոսքն ուղղելով Թաքվոր Ավեդիսյանին՝ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ առանձնացվել է հարցերի մի շրջանակ, որը հետաքրքրում է Խորհրդի անդամներին և որի քննարկումն արդյունավետ կլինի բոլորի համար. «Ուրախացա, որ հատկապես Դուք եք ժամանել Հայաստան, քանզի Ձեր խորհրդատվությունը մեզ համար կարևոր կլինի հատկապես արդարադատության ծախսա­տարության գնահատման, մշտադիտարկման կազմակերպման, գործերի քննության ողջամիտ ժամկետների չափորոշիչների որոշման ու շատ այլ  հարցերում»:

 Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակության ղեկավար Թաքվոր Ավեդիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով. «10 տարի առաջ մենք հանդիպել ենք, այժմ մենք ցանկանում ենք  սովորել նաև ձեզանից: Մենք պատրաստակամ ենք ոչ միայն փոխանցելու մեր երկրի արդարադատության փորձը, այլև մեզ հետ տանելու մեր հայաստանյան գործընկերների լավագույն մտքերը՝ դրանք զարգացնելու և կիրառելու նպատակով»: 

ԲԴԽ նախագահը նկատեց նաև, որ մեզանում հիմա կան բավականին հետաքրքիր քննարկումներ՝ կապված անցումային խնդիրների լուծման հետ, մասնավորապես՝ սահմանադրական պատասխանատվության արդարադատության ձևա­վորման ուղղությամբ: «Ձեր երկիրն այն եզակի երկրներից է, որ բարձրաստիճան պաշտոնյանների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Գերագույն դատարանում՝ առաջին ատյանի կարգով ՝ առանց բողոքարկման իրավունքի: Սա ևս հետաքրքիր է, և կցանկանայինք քննարկման առարկա դարձնել, թե այդ մեխանիզմների տարրերը մեզ մոտ ներդնելու ինչպիսի հեռանկարներ կարող են ունենալ»:  

Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորելով մշտադիտարկման մեխանիզ­մի արդյունավետությունը՝ որպես արդարադատության որակի գործուն համա­կարգի՝  Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի անդամ, Կենտրո­նական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանը նկատեց, որ բացի մշտադիտարկման հիմնական արդյունքներից, տարեկան երկու անգամ յուրաքանչ­յուր դատարան հաշվետություն է ներկայացնում Դատական խորհրդին՝ գործերի քննության ժամկետների ուշացման հետ կապված հարցերի մասին: «Մենք մեզ դիտում ենք որպես հանրության աչք դատարանների վրա և որակի համակարգի վերահսկման համար ունենք երկու մեխանիզմ՝ օնլայն դատարանների օգտատերերի բավարարվածության ուսումնասիրություն և Այցելությունների կոմիտե, որի 16 անդամները տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են, ովքեր այցելում են դատարաններ, տեղում ծանոթանում խնդիրներին և դրանք ներկայացնում Դատական խորհրդին: Այս երկու մեխանիզմները մեզ օգնում են որպես Խորհուրդ ավելի արդյունավետ գործել»,- եզրափակեց Թաքվոր Ավեդիսյանը:

Քննարկման առանցքում էին նաև դատարանների ու դատավորների անկախությանը, գործերի բաշխմանն ու քննության ողջամիտ ժամկետներին, հանրային վստահության կարևորությանը, հասարակության հանդեպ հաշվետվողականու­թյան դերի բարձրացմանն առնչվող հարցերը:

Հանդիպման ավարտին ԲԴԽ նախագահը և Խորհրդի անդամները նկատեցին, որ շատ հետաքրքիր մտքեր հնչեցին, որոնք հաշվի առնելով, կփորձեն ավելի արդյունավետ լուծումներ գտնել:

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]