Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Ռուսական շուկայում հայկական ապրանքներն առանձնանում են իրենց որակով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը մոտ 26 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

«Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանը մեծ դեր է խաղում, ընկերությունները  շատ են: Հայաստանում բոլոր ուղղակի արտասահմանյան ներդրումների մոտ 37 տոկոսը ռուսական է: 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալները տեսնելով՝ կարող ենք ասել, 2018-ի ավարտին նույնպես լավ ցուցանիշներ կունենանք»,- ասաց  Անդրեյ Բաբկոն:

Նա հավելեց, որ Ռուսաստանը փորձում է խթանել ոչ միայն արտահանումը դեպի Հայաստան, այլև՝ հակառակ ուղղությունը: Ռուսական կողմը փորձում է աջակցել հայկական ընկերություններին՝ ռուսական շուկայում իրենց տեղը գտնելու համար:

«Ինչպես գիտեք՝ ավանդաբար Ռուսաստան գյուղատնտեսական մթերք է ներկրվում, ինչպես նաև կոնյակ, գինի, դրանից բացի, բավական ակտիվացել է Հայաստանից  Ռուսաստան տեքստիլի, կոշկեղենի ներկրումը: Հայկական ապրանքները պահանջված են Ռուսաստանում, առանձնանում են որակով», - ընդգծեց Անդրեյ Բաբկոն:

Լրատվամիջոցները Անդրեյ Բաբկոյից հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ազդել են Հայաստան-Ռուսաստան առևտրի, ներդրումների ծավալների վրա:

«Պետք է նշեմ, որ քաղաքական այդ իրադարձություններից առաջ մեր համագործակցությունն արդեն կայացել էր: Քաղաքական իրադարձությունները չեն ազդել այն առումով, որ ամեն ինչ արդեն հստակ ճանապարհով էր գնում: Մենք տեսնում ենք, որ քաղաքական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը պահպանում են ու իրականացնում նախորդ տարիների պայմանավորվածությունները: Մենք տեսնում ենք կոնտակտների ակտիվացում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև: Այլ հարց է, որ չի կարելի քաղաքական բարեփոխումներով զբաղվելիս մոռանալ, որ պետք է շարունակել աջակցել ու նպաստել ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը»,- նկատեց Անդրեյ Բաբկոն



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ