Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Նորայր Սարգսյանի «Չինական պատ»-ը կամ ծրագրավորող-գրողի «Նորամուտ»-ը


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չինական պատ». հենց այսպես է կոչվում ժամանակակից գրող Նորայր Սարգսյանի անդրանիկ ժողովածուն: Հետաքրքիր վերնագրով այս գիրքն օրեր անց՝ հոկտեմբերի 26-ին կդրվի ընթերցողի սեղանին: Գրքում հավաքված են հեղինակի վերջին չորս տարիների լավագույն պատմվածքները։ Հետաքրքական է սակայն, որ 24-ամյա Նորայրը բացի ինքնատիպ ձեռագիր ունենալուց նաև լավ ծրագրավորող է: Ավելին՝ շատ է սիրում մաթեմատիկան: Փաստում է՝ ծրագրավորումն ու մաթեմատիկան շատ են օգնում գրական գործերը ստեղծելիս: «Արմենպրես»-ի «Նորամուտ» նախագծի հերոս Նորայր Սարգսյանը պատմում է գրականության ասպարեզ մուտք գործելու, մաթեմատիկայի նկատմամբ սիրո, չինական պատի փոխաբերական իմաստի ու գրական դաշտի խնդիրների մասին:

Առաջին քայլեր

Ընտանիքիս անդամները պատմում են, որ երբ տառերը սովորել էի, տետրի նման ինչ-որ բան ունեի և Աստվածաշնչից ազդված բաներ էի գրում: Երկար տարիներ գրականությունից բավականին հեռու եմ եղել, որովհետև մաթեմատիկայի ուղղությամբ եմ փորձել զարգացնել ուղեղս ու գրականությամբ այդքան չեմ հետաքրքրվել: Դպրոցում սիրել եմ մաթեմատիկա, պատմություն ու անգլերեն: Ավարտելուց հետո, չգիտես ինչու, ընդունվեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, զուգահեռ աշխատում էի: 16-17 տարեկանում սկսեցի գրել. սկզբից բանաստեղծություններ, հետո՝ արձակ գործեր:

Մաթեմատիկան, իհարկե, օգնում է գրելուն: Եվ ոչ միայն մաթեմատիկան, այլև ծրագրավորումը: Ընդհանրապես, ուրիշ ոլորտում աշխատելն օգնում է գրելուն: Կարծում եմ, որ գրողների մոտ անընդհատ գրականության մեջ եփվելիս առաջանում է որոշակի լճացում: Այլ մասնագիտություն ունենալու առավելություններից մեկն այն է, որ շփվում ես այլ մարդկանց հետ, շփվում ես հենց այն մարդկանց հետ, ովքեր գուցե և կսկսեն քեզ կարդալ: Ավելի մոտիկից ես ճանաչում նրանց, հասկանում ես նրանց խնդիրները, ծանոթանում նրանց գաղափարներին:

Առաջին գործն ու «Չինական պատ»-ը

Առաջին գործս՝ «Դուռը» պատմվածքը, տպագրվել է «Գրեթերթ»-ում: 17 տարեկան եմ եղել այդ ժամանակ: Հիմա 24 տարեկան եմ, այս պահին էլ տպագրվում է առաջին գիրքս: Ինձ թվում է՝ սրանից հետո ավելի հաճախակի կգրեմ և ավելի պրոֆեսիոնալ կլինի գրական գործունեությունս:

Գիրքը կոչվում է «Չինական պատ», ներառված են 17-18 տարեկանից սկսած մինչև մի քանի օր առաջ գրված ստեղծագործություններից լավագույնները: Դրանք ինքս եմ ընտրել: Վերնագրի հետ կապված երկար պատմություն կա: Մոտ 4 տարի առաջ սկսել եմ վեպ գրել, որի անունը հենց «Չինական պատ» էր, բայց անընդհատ վեպ գրել մոտս չէր ստացվում, պատմվածքներ ստացվում էին, բայց վեպ՝ ոչ: Ուզում էի, որ անպայման առաջին գիրքս վեպ լինի: Անընդհատ այդ ձգտումը կար ու չինական պատի փոխաբերությունն էր մտքումս: Ասել է թե՝ չինական պատ, այսինքն՝ դժվար, բնությանը հակադիր ինչ-որ բան:

Չինական պատին տարբեր գրողներ տարբեր կերպ են վերաբերվել: Օրինակ, Կաֆկան «Չինական պատ» վերնագրով պատմվածք ունի, որտեղ Չինական պատը ժամանակի գաղափարախոսության ներկայացումն է: Ըստ նրա՝ մենք բոլորս ծնվում ենք մեր կյանքի ընթացքում ինչ-որ կոնկրետ բան անելու համար:   

Սիրած գրողներն ու նրանց միավորող Նորայրը

Սիրած գրողներս բավականին տարբեր են: Հայ հեղինակներից սիրում եմ Չարենցի, Շահնուրի, Հրանտ Մաթևոսյանի, Վանո Սիրադեղյանի գործերը: Համաշխարհային գրականությունից՝ Կամյու, Բուկովսկի, Բրոդսկի, Դովլաթով: Շատ են իրարից տարբերվում, չգիտեմ՝ ինչն է կապում այս գրողներին: Երևի ես:

Կարդում եմ նաև հայ ժամանակակից գրողների գործեր.մեծ մասն իմ ընկերներն են: Հետաքրքիր է, թե ինչպես են լուծում այն խնդիրները, որոնք փորձում ես դու էլ լուծել:

Գրականությամբ որևէ խնդիր լուծելու կարևորությունը

Իմ գրականության գլխավոր խնդիրը գտնելն է այն պատճառները, որոնք ժամանակակից մարդուն բերել են այս հոգեվիճակին: Փորձում եմ հոգեվերլուծության նման մի բան անել, նաև ուսումնասիրում եմ, թե ինչքանով է շրջապատն ազդում մարդու վրա և հակառակը:

Արձա՞կ, թե՞ չափածո

Արձակում ինձ ավելի ազատ եմ զգում, ավելի հանգիստ, քանի որ պատմելը փոքր տարիքից ավելի լավ  է մոտս ստացվել: Ինձ համար ավելի հեշտ է հենց պատմվածքի տեսքով ինչ-որ բան շարադրել: Իսկ բանաստեղծություններ գրել եմ թե՛ հանգերով, թե՛ վերլիբր (ազատ) եղանակով:

Չկա խանգարող հանգամանք

Եթե մարդն ուզում է ստեղծագործել, ապա ստեղծագործում է: Ամենաշատը, երևի թե,  կարող է խանգարել ժամանակի սղությունը: Հայաստանում գրականությամբ գրեթե անհնար է գումար աշխատել և ապրել: Բնականաբար, դու աշխատում ես և այն քիչ ժամանակը, որ մնում է գրականությանը հատկացնելուն հաճախ շատ քիչ է լինում: …Հայաստանում գրողի գլխավոր խնդիրն է լինել ակտուալ հենց իր տարեկիցների համար:

Բացի այդ, դու ոչ թե պետք է գրես այնպես, որ մնացածին դուր գա, այլ պետք է քո ուզածը գրես, բայց մարդիկ պետք է հնարավորություն ունենան իմանալու քո մասին: Հետո արդեն իրենք ընտրեն՝ կկարդա՞ն, չե՞ն կարդա, կհավանե՞ն, չե՞ն հավանի…

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ