1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամությունը ապագայի մեծ ներուժ ունի. Ջասթին Թրյուդոն՝ Արմեն Սարգսյանին

Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամությունը ապագայի մեծ ներուժ ունի. Ջասթին 
Թրյուդոն՝ Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել Կանադայի վարչապետին Հայաստանի մայրաքաղաք և Ֆրանկոֆոնիայի ժամանակավոր մայրաքաղաք Երեւանում:

«Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձեր ընտանիքը: Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Մենք մշտապես գնահատել ենք Կանադայի ժողովրդի ու Կանադայի կառավարության ջերմ վերաբերմունքն այն հայերի նկատմամբ, ովքեր կարիքի մեջ են: Հայերը երբեք չեն մոռանա ձեր այն քայլը, երբ Դուք անձամբ ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին:

Սրանք պարզապես լավ խոսքեր չեն, սրանք խորը գնահատանքի խոսքեր են:

Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք նաև այն, ինչ արել է Ձեր հայրը: Այն ժամանակ, երբ դուք այցելել էիք Հայաստան, դա երկրաշարժին հաջորդող ժամանակահատվածն էր, երկիրն անկախանալու շեմին էր: Սակայն դա նաև մի շրջան էր, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որը դարձավ շարժում հանուն երկրի անկախության»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր հերթին նշել է. «Ուրախ եմ վերադառնալ Հայաստան: Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ»: Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ:

Կանադայի վարչապետը բարձր է գնահատել իր երկրի՝ հայկական ծագում ունեցող 60 հազար քաղաքացիների ներդրումը Կանադայի հաջողության պատմության գործում: Այն նաև ողջ աշխարհից մարդկանց ընդունելու դրական պատմության փայլուն օրինակ է, ինչը դրսևորվել է նաև մեր օրերում, երբ իր երկիրն ընդունել է սիրիացի փախստականների:

Կանադայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Կանադան կկարողանան միասին ավելի ամուր ապագա կառուցել՝ նշելով, որ հայերը յուրահատուկ ժողովուրդ են, և աշխարհի որ անկյունում էլ լինեն, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու մշակույթը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]