Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր  

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական 
հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո ընթացել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում նշել է.

 «Հարգելի պարոն վարչապետ,

ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաքում: Դուք Կանադայի առաջին վարչապետն եք, ով պաշտոնական այցով այցելում է Հայաստանի Հանրապետություն, և մենք գործ ունենք պատմական հնարավորության հետ: Ես կարծում եմ` Դուք արդեն զգացիք, որ մեր երկրում Ձեր երկրի և անձամբ Ձեր նկատմամբ շատ մեծ համակրանք և դրական վերաբերմունք կա, և հույս ունեմ, որ նաև այն հարաբերությունները, որ արդեն իսկ հասցրել են հաստատվել, կօգնեն, որ մեր երկրների միջև առանց այն էլ շատ ջերմ հարաբերությունները նոր մակարդակի հասցվեն: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, շատ շնորհակալ եմ Ձեր ողջույնի համար: Առնվազն մեծ պատիվ է գտնվել Հայաստանում: Կարծում եմ` Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր, այնպես որ ես Կանադայի` պաշտոնական այցով Հայաստան այցելող  առաջին վարչապետն եմ: Բայց նույնիսկ այն ժամանակ արդեն զգացի հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և առնվազն այն ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում այսօր և նախորդ օրերին, հրաշալի է: Այստեղ գտնվելը միայն պատիվ է: Շնորհակալ եմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին է նվիրել նրա «Ընդհանուր հայտարար» գրքի հայերեն թարգմանությունը: «Եվս մեկ ապացույց իմ խոսքերի, որ Դուք առանձնահատուկ դեր ունեք Հայաստանի քաղաքացիների ընկալման մեջ, և սա Ձեր գրքի հայերեն թարգմանությունն է, ինչը ես հաճույքով նվիրում եմ Ձեզ»:

Ջասթին Թրյուդոն շնորհակալություն է հայտնել գրքի համար` նշելով, որ տեղյակ չէր թարգմանության մասին, և շատ ուրախ է այդ առիթով:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի քաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ երբ ամբողջ աշխարհում ընթանում էին ժողովրդավարությունը վտանգող գործընթացներ, Հայաստանն օրինակ ծառայեց ամբողջ աշխարհին, ինչը հիանալի էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Կանադայի վարչապետն ընդգծել է, որ Հայաստան է այցելել նաև, որպեսզի ցույց տա իր երկրի պատրաստակամությունը` օժանդակելու Հայաստանի զարգացմանը: «Հայասատանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին», - ընդգծել է Ջասթին Թրյուդոն: Նա նշել է, որ Կանադան պատրաստ է Հայաստանին օժանդակել տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր երկրի տնտեսական զարգացման մասին, ընդգծել է, որ կառավարության նպատակն է` փոխել տնտեսական կառուցվածքը` Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր ևւ վստահություն հայտնել, որ դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը լուրջ հաջողություններ է արձանագրել կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-կանադական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]