Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա. ՖՄԿ գլխավոր քարտուղար


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն հայտնեց Հայաստանին բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելու համար: Այս մասին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսին նշեց Լուիզ Մուշիկիվաբոն:

«Հայաստանում գտնվելու օրերին ամենուր ջերմ մթնոլորտ էր, գեղեցիկ ժպիտներ էին, թե՛ մեր աշխատանքային վայրում, թե՛ դրսում: Մարդկանց հետ շփումն ուղղակի հաճելի էր, Հայաստանից կգնանք շատ լավ հիշողություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նա:

Խոսելով իր առաջիկա անելիքների մասին՝ Լուիզ Մուշիկիվաբոն ասաց, որ ինքը չի գալիս Ֆրանկոֆոնիայում հրաշքներ գործելու համար:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն արդեն շատ վաղուց գոյություն ունի: Ես վստահ եմ, որ մեր կազմակերպությունը  գտնվում է ճանապարհների խաչմերուկում: Այսօր ապրում ենք անկանխատեսելի աշխարհում, սակայն կան մեր կազմակերպությունն առաջ տանելու մեծ հնարավորություններ: Պետք է ջանք գործադրել, որ մեր կազմակերպությունը լինի այնտեղ, որտեղ պետք է լինի»,- ընդգծեց նա:

Տարբեր տարիներին ՖՄԿ գլխավոր քարտուղարներն իրենց պաշտոնավարման ժամանակ զգալի աշխատանք են կատարել, սակայն Լուիզ Մուշիկիվաբոն վստահ է, որ հնարավոր է ավելին անել:

«Հաջորդ տարվա սկզբից պետք է սկսեմ իմ գործունեությունը. մինչ այդ մտածելու, խորհելու հավաքված գաղափարներն ամփոփելու ժամանակ ունեմ: Պետք է փորձեմ էլ ավելի բարելավել աշխատանքը: Ես Ռուանդայից եմ, բայց ես աշխարհի քաղաքացի եմ: Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա՝ շոշափելի նպաստ բերելով ընդհանուր գործին»,- հավելեց նա:

Լուիզ Մուշիկիվաբոն կարևորեց երիտասադրների հետ աշխատանքը: Նա նշեց, որ երիտասարդներին ուղղված շատ տարբեր ծրագրեր կան, սակայն տարբեր հանդիպումներում պարզ է դառնում, որ նրանց հանդեպ կազմակերպությունը պարտականություն ունի: « Ես բոլոր երիտասարդներով եմ հետաքրքրվելու: Փորձելու եմ հանդիպել ու վեր հանել այն տաղանդներին,  որոնք կան մեր կազմակերպության ներսում»,-ասաց նա:    

Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն  ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լուիզ Մուշիկիվաբոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել 4 տարով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կազմակերպության նախորդ գլխավոր քարտուղար Միկայել Ժանը հաջողությամբ ղեկավարել  է կազմակերպությունը՝ մեծ ջանքեր ներդնելով կատարված աշխատանքներում:  

 




Այս թեմայով

... վերջին լուր "Ֆրանկոֆոնիա" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ