Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Հայաստանում ԵԽ-ի և ԵՄ-ի ծրագրերի բյուջեն 2,8 միլիոն եվրո է. կառույցների աջակցությամբ հիմնվել է «Քրեակատարողական բժշկության  կենտրոն»-ը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը Երևանում ներկայացրեցին 2015-2018 թվականներին Արևելյան գործընկերության անդամ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում իրականացվող մի շարք ծրագերի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը ներկայացման բացման խոսքում նշեց, որ ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2,8 միլիոն եվրո:

««Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում Հայաստանում 2015-2018 թվականներին իրականացվող հինգ ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձվել երկրում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված աջակցությանը, ընտրական գործընթացների բարելավմանը, հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարին, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին»,- ասաց Թեյլորը:

Նրա խոսքով՝ նշված ծրագրերը ֆինանսավորվել են Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի կողմից ու իրականացվում են Եվրոպայի խորհրդի կողմից:

Վերենա Թեյլորը հավելեց, որ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերության հանուն լավ կառավարման» ծրագրի իրականացումը օգնել է բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկների  օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները:

Ըստ Թեյլորի` ծրագրի աջակցությամբ ՀՀ կառավարությունը հիմնել է «Քրեակատարողական բժշկության  կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը կարևորագույն նշանակություն ունի քրեակատարողական հիմնարկներում բուժանձնակազմի մասնագիտական պատրաստության բարձրացման գործում:

«Հայաստանի 11 քրեակատարողական հիմնարկներում բուժմասերի նյութական պայմանները զգալիորեն բարելավվել են 230 հազար եվրո արժողությամբ բժշկական սարքավորումների տրամադրմամբ: Քրեակատարողական հիմնարկների մոտ 900 հոգուց բաղկացած անձնակազմը, այդ թվում` բժշկական և ոչ բժշկական անձնակազմ, անցել են վերապատրաստում` դատապարտյալների առողջության և մարդու իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորվել է ազգային մասնագիտական վերապատրաստողների խումբ` քրեակատարողական հիմնարկի անձնակազմերի անդամների շրջանում առողջապահական և բժշկական էթիկայի հետագա կատարելագործման համար»,- նշեց Թեյլորը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ