Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Աննա Հակոբյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնանց հրավիրել է կրկին այցելել Հայաստան


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնանց հրավիրել է կրկին այցելել Հայաստան, իսկ առաջին տիկնայք էլ իրեն են հրավիրել իրենց երկրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Հակոբյանը:

Հակոբյանն ընդգծեց, որ նրանք սիրով ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ Հայաստան, որովհետև հասկանում են, որ ավելի երկար ժամանակ է պետք Հայաստանն ամբողջությամբ ընկալելու համար:

«Չգիտեմ, իհարկե, նրանք երբ կկարողանան գալ, բոլորը զբաղված մարդիկ են, բայց ես հույս ունեմ, որ նրանք կվերադառնան: Նրանք էլ մեզ են հրավիրել իրենց երկրներ: Ես իսկապես շատ լավ եմ զգում, որ մեր երկիրը այդքան սիրելի է դառնում մեր հյուրերի համար: Անկախ նրանից, թե որ երկրից են իրենք եկել, ինչ մշակույթի և ինչ մտածելակերպի կրող են, բոլորը սիրով են խոսում մեր երկրի մասին: Նրանք, իսկապես, տպավորված են Երևանում Ֆրանկոֆոնիայի օրերի ժամանակ կազմակերպված միջոցառումներով»,- շեշտեց ՀՀ վարչապետի տիկինը:

Նա շատ ուրախ է, որ Հայաստանը կարողացել է այդպիսի տպավորություն թողնել և որ հաջողվել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպել:

Աննա Հակոբյանը նշեց, որ հյուրերը հասցրել են նաև համտեսել հայկական խոհանոցի ուտեստները  հոկտեմբերի 11-ին, «Մեգերյան Կարպետ»-ում:

«Իրենք մեր երկրից առնվազն կտանեն ջերմ տպավորություններ, և ենթադրում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք կվերադառնան մեզ մոտ»,- ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Լրագրողների հետ զրույցից հետո Աննա Հակոբյանը Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնանց հետ ուղևորվեց Ազատության հրապարակում տեղակայված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ շրջայց կատարեցին, լուսանկարվեցին քաղաքացիների հետ ու բարեմաղթանքներով փոխանակվեցին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկին Բրիջիտ Մակրոնն  առանձին դուրս եկավ Ֆրանկոֆոնիայի ավանից, ապա զբոսնեց Հյուսիսային պողոտայում, որտեղ նրա հետ լուսանկարվեցին բազմաթիվ երևանցիներ:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Ֆրանկոֆոնիա" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ