Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Հակոբ Արշակյանն ու ՀՄՄ գլխավոր քարտուղարն այցելել են «Սինոփսիս Արմենիա»


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան է ժամանել Միջազգային հեռահաղորդակցության միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական ֆորումին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՄՄ-ն համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, նպաստում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացմանը և աջակցում տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ Հոուլին Ժաոն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։ Հյուրերին ընդունել են ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ 
Նրանք նախ շրջել են ընկերության կրթական մասնաշենքում։ Ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը ներկայացրել է իրականացվող կրթական ծրագրի մանրամասները։
Հաշվի առնելով պահանջարկի համեմատ աշխատաշուկայում մասնագետների սակավությունը` ընկերությունը ձեռնամուխ է եղել հայաստանյան մի շարք առաջատար բուհերի հետ համագործակցությամբ անցկացնել դասընթացներ` պատրաստելու միկրոէլեկտրոնիկայի մասնագիտություններով անհրաժեշտ կադրեր։ Հետագայում նրանցից լավագույններն անցնում են աշխատանքի հենց «Սինոփսիս Արմենիա»-ում։
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «Սինոփսիս»-ի մշակած հատուկ կրթական ծրագիրը ներդրվել է նաև այլ երկրներում։
Վազգեն Մելիքյանը ուսումնական դեպարտամենտի գրանցած հաջողությունները ներկայացրել է նաև թվերով. այն է` իրենց դասընթացն ավարտած 6 տասնյակից ավելի գիտությունների թեկնածու, հարյուրավոր մագիստրոսներ։ 1000-ից ավելի ուսանողներ ստացել են բակալավրի աստիճան։
Այնուհետև հյուրերը ծանոթացել են աշխատանքային պայմաններին։ Արտասահմանցի գործընկերոջը ներկայացվել են ՏՏ ոլորտի այն բարձր պարգևները, որոնց հանձնման գործում ընկերությունը մասնակցություն ունի կամ նախաձեռնող է, ինչպիսին է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար տրվող մրցանակը։
Հայաստանում աշխատելով սկսած 2004 թվականից՝ «Սինոփսիս Արմենիան» շարունակում է մնալ ՏՏ ոլորտի արդյունաբերության առաջատարն ու համապատասխան մասնագետների խոշորագույն գործատուներից մեկը։



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ