Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Մեկնարկում է Վարդան Գրեգորյանի անվան գիտահետազոտական դրամաշնորհների հայտերի ընդունման փուլը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից,. Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է սկսնակ գիտնականներին եւ հետազոտողներին՝ հատկապես պատմության եւ հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։

Հնգամյա կրթաթոշակային նախագծի առաջին փուլում հատուկ ուշադրության են արժանանալու 35 տարին չբոլորած հայաստանաբնակ հայագետ գիտնականներն եւ հետազոտողները։ Երկրորդ եւ երրորդ փուլերում այն ընդլայնվելու է՝ ընդգրկելով գիտնական-հետազոտողների ամբողջ հայկական սփյուռքից եւ դրանից դուրս։ Տարեկան տրամադրվելու է երկու կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 30,000 ԱՄՆ դոլար։

«Համալսարաններն ու գիտնականները կարեւոր դեր ունեն ողջ մարդկությանն առնչվող հարցադրումների ձեւակերպման եւ դրանց պատասխանների որոնման գործում։ Վարդան Գրեգորյանի կրթաթոշակն աջակցում է պրպտող եւ հետազոտող մտքին, որի մարմնավորումն ինքը Վարդան Գրեգորյանն է։ Հպարտ ենք, որ այս կրթաթոշակը կընդլայնի Հայաստանի վերաբերյալ գիտելիքի ծավալը՝ արժեւորելով ներդրումները հայագիտության մեջ»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ հավելել. «Այս հայտարարությունը մենք անում ենք այսօր՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, հիմնարար եւ միջմշակութային փոխանակման միեւնույն ոգով, որով V դարի մեր Թարգմանիչներն իրենց ներդրումն ունեցան հայկական քաղաքակրթական միջավայրում։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը պատվում է նրան եւ այս ավանդույթը»։

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի եւ միջազգային գիտական կենտրոնների միջեւ կապերը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ հայագիտության ոլորտի մասնագետների աջակցությամբ՝ Scholae Mundi կրթական հարթակը որոշիչ դեր կունենա նախագծի իրականացման գործում։

Այս նախագիծն ստեղծվել է հայագիտության ոլորտի մասնագետների խորհրդատվությամբ՝ խթանելու գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում եւ հայկական թեմատիկայի ուսումնասիրությունը միջազգային ասպարեզում։ Ի թիվս այլոց, նախաձեռնության կողմից հարցի քննարկմանը մասնակցել են փորձագետներ՝ Օքսֆորդի համալասարանի արեւելագիտության ամբիոնի դասախոս եւ գիտաշխատող Հրաչ Չիլինգիրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն եւ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը եւ Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանը։

 Յուրաքանչյուր հայտ քննվելու է հինգ հոգուց բաղկացած միջազգային Ընտրող խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են հետեւյալ ականավոր գիտնականները.

 

  • Ռոնալդ Գ. Սյունի, Վիլյամ Սյուելի անվան պատմության եւ քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր (Միչիգանի համալսարան), քաղաքագիտության եւ պատմության պատվավոր պրոֆեսոր (Չիկագոյի համալսարան),
  • Ջորջ Բուռնության, պատմագիտության ավագ պրոֆեսոր, Այոնա քոլեջ,
  • Հրաչ Չիլինգիրյան, Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության ամբիոնի դասախոս եւ գիտաշխատող,
  • Լեւոն Չուգասզյան, Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ,
  • Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն։

 

Ողջունելով հայտերի ընդունման փուլի մեկնարկը՝ Ռոնալդ Սյունին շեշտել է. «Կարիերայի մեկնակետում գտնվող խոստումնալից գիտնականին աջակցող փոքրիկ ներդրումը վերադառնում է բազմապատկված, քանի որ այդ հետազոտողը ժամանակի ընթացքում շարունակում է իր ներդրումը բերել աշխարհի վերաբերյալ ընդհանուր գիտելիքի գանձարանին։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն առատ պտուղ կտա առաջին սերմերը տնկելուց տասնամյակներ անց»։

 

Հայտերի ընդունման գործընթացը տեղի կունենա առցանց եւ կտեւի մինչեւ 2018թ. դեկտեմբերի 1-ը։ Բոլոր դիմորդներից պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը՝

 

  • Հետազոտական հայտ/առաջարկ՝ անգլերենով (առավելագույնը 2,000 բառ, կրկնակի տողարանքով, 12pt տառաչափով)
  • Ինքնակենսագրություն (CV)՝ հրատարակությունների ցանկով հանդերձ
  • Ուղեկցող նամակ
  • Նվազագույնը մեկ երաշխավորագիր՝ տրված գիտնականի կողմից

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, դոկտոր Վարդան Գրեգորյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից է։ Ծնված լինելով թավրիզաբնակ հայ ընտանիքում՝ տարրական կրթությունն ստացել է Իրանում, իսկ միջնակարգ կրթությունը՝ Լիբանանում։ 1956թ. ընդունվել է Ստենֆորդի համալսարան, որն ավարտել է 1958թ. գերազանցությամբ՝ մասնագիտանալով պատմության եւ հումանիտար գիտությունների ոլորտներում։ 1964թ. նույն համալսարանի կողմից Վարդան Գրեգորյանին շնորհվել է պատմության եւ հասարակական գիտությունների դոկտորի կոչում (PhD)։ 1974թ. դարձել է Փենսիլվանիայի համալսարանի Ճշգրիտ եւ հումանիտար գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, իսկ չորս տարի անց՝ համալսարանի քսաներեքերորդ ռեկտորը՝ պաշտոնավարելով մինչեւ 1981թ.։

Քսանամյա գիտական գործունեությունից հետո Վարդան Գրեգորյանը գլխավորել է Նյու Յորքի Հանրային գրադարանը։ Նրան է վերագրվում գրադարանի մշակութային բարձր կարգավիճակի վերահաստատումը։ 1989թ. ընտրվել է Բրաունի համալսարանի ռեկտոր։ Պրոֆ. Գրիգորյանին կրթաթոշակներ են տրամադրել բազմաթիվ հաստատություններ, այդ թվում՝ Ջոն Սայմոն Գուգենհեյմ հիմնադրամը, Ամերիկայի ուսյալ հանրության միությունը, Հասարակագիտական միությունը եւ Ամերիկյան փիլիսոփայական ընկերակցությունը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ