Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Վանուատուի վարչապետը ֆրանկոֆոն տիրույթի արժեքները նոր դրույթներով պաշտպանելու անհրաժեշտություն է տեսնում


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները պետք է սահմանեն մի շարք կարևորագույն դրույթներ, որոնց միջոցով կպաշտպանվեն ֆրանկոֆոն տիրույթում գտնվող արժեքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ասաց Վանուատուի Հանրապետության վարչապետ Շարլո Սալվաին և շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ հրաշալի ընդունելության համար: Նա նաև խորը ցավով նշեց, որ Շառլ Ազնավուրի մահը մեծագույն կորուստ էր այն մարդկանց համար, ովքեր մշակույթն արժեք են համարում:

«Մենք այս գագաթնաժողովի ժամանակ կարևորագույն դրույթներ ունենք սահմանելու, որպեսզի կարողանանք աջակցել մեր կազմակերպության սրընթաց զարգացմանը: Մեր կազմակերպությունը հիմնված է այն արժեքների վրա, որոնք կիսում են անդամ երկրները, արժեքներ, որոնք պաշտպանում ենք և կշարունակենք պաշտպանել ֆրանկոֆոն տիրույթում և դրանից դուրս»,- ընդգծեց Շարլո Սալվաին:

Նրա խոսքով՝ մի շարք մարտահրավերներ կան Ֆրանկոֆոնիայի գոյատևման հետ կապված և նպատակ կա պաշտպանել և տարածել Ֆրանկոֆոնիան աշխարհով մեկ:

«Այս թեմաներն արտահայտում են Ֆրանկոֆոնիայի գաղափարախոսության կարևորագույն մասնիկները, որոնք ուղղված են ապահովելու բնականոն զարգացում և խաղաղություն աշխարհով մեկ»,- շեշտեց Վանուատուի վարչապետը:

Անդրադառնալով իրենց երկրի խնդիրներին՝ վերջինս նշեց, որ Վանուատուն հանդիսանում է ամենաքիչ բնակեցված երկրներից մեկը և որ իրենց բնակչությունը խիստ զգայուն է կլիմայական փոփոխությունների՝ ծովի մակարդակի բարձրացման, կլիմայական վատթարացումների նկատմամբ: Սալվաիի խոսքով՝ քանի դեռ ապագան անհայտ է, իրենց երկրի ափերն ու բնակչությունը խիստ վտանգված կլինեն:

«Կլիմայական վատթարացումը անպայման կհանգեցնի մի շարք ճգնաժամային իրավիճակների: Եթե մենք չկարողանանք շուտափույթ լուծումներ գտնել այս հարցերին, մենք ոչ մի կերպ չենք կարողանա ապահովել խաղաղությունը, զարգացումը և անվտանգությունն աշխարհում: Սրանք են այն կարևորագույն դրույթները, որ մենք կարող ենք փոխանցել ապագա սերունդներին: Այսօր մենք ստիպված ենք տարհանել մեր կղզիներից մեկի բնակչությունը, քանի որ չենք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ»,- ասաց Վանուատուի Հանրապետության վարչապետը:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Ֆրանկոֆոնիա" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ