Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովի փակման արարողությանը

Վարչապետը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովի փակման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված գործարար համաժողովի փակմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

 

«Պարոն նախագահ,

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարգելի ղեկավար,

Տիկնայք և պարոնայք նախարարներ,

Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների առաջնորդներ,

Տիկնայք և պարոնայք գործարարներ,

Տիկնայք և պարոնայք,

Հարգարժան ընկերներ,

 

Երջանիկ եմ ձեզ ողջունել այստեղ՝ հայաստանյան  հողի վրա, խորհրդանշական Թումո կենտրոնում, որ մարմնավորումն է Նոր Հայաստանի, որ հենված է 2800 տարեկան մայրաքաղաքով մի քանի հազարամյա պատմության, բայց հատկապես իր  երիտասարդ աղջիկների ու տղաների եռանդի վրա, որն, ըստ էության, մեր երկրի ու ժողովրդի  ապագան է։

Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է մի փուլում, որտեղ մեկ անգամ ևս հաստատեց իր նվիրվածությունն այնպիսի արժեքների, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրինահավասարությունը, մարդու իրավունքները. արժեքներ, որոնք նաև Ֆրանկոֆոնիայի հիմքում են, արժեքներ, որ նշանաբանն են մեր Թավշյա հեղափոխության։

Թավշյա այդ հեղափոխությունը սոսկ քաղաքական չէր, այլև արժեքների։ Կարևոր է ընդգծել, որ վերջին հաշվով այդ հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե մենք չհասնենք նաև տնտեսական հեղափոխության։ Այդ իմաստով այսօր մենք գտնվում ենք մեր հեղափոխության ամենակարևոր փուլում, և մենք պետք է ապահովենք տնտեսական հաջողությունն այդ Հայաստանի Հանրապետության համար՝ իր հստակ կանոններով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են և կարող են սկսել տնտեսական գործունեություն Հայաստանում։ Այդ կանոնները մենք բարձրաձայնել ենք բազմիցս, բայց ես, օգտվելով գործարար տիկնանց և պարոնների այս ներկայությունից, կուզեի կրկնել, որ մենք միայն երկու նախապայման և շահագրգռություն ունենք բոլոր նրանց համար, ովքեր հանձնառու են կամ ուզում են լինել հանձնառու Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու։ Ցանկացած գործունեություն պետք է լինի կատարելապես համապատասխան օրենքին, և մենք կօգնենք բոլորին ստեղծել հնարավորինս շատ աշխատատեղեր, և, իհարկե, վճարել հարկեր։ Իմացեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նեցուկ է ձեզ, եթե այս երկու պայմանները հարգված են։

Հարգելի ընկերներ,

շատ ուրախ եմ իմանալ, որ ձեր աշխատանքների ընթացքում հիմնական  շեշտը դրվել է թվային տնտեսության վրա, քանի որ տնտեսության իր տեսլականով կառավարությունը նպատակադրել է ագրարային երկրից Հայաստանը վերածել բարձր տեխնոլոգիաների երկրի։ Եվ սա միայն ամբիցիա չէ. նրանք, ովքեր ճանաչում են Հայաստանը, գիտեն, որ մարդկային պատկառելի ռեսուրսներ կան այդ տնտեսական  վերափոխումն իրականացնելու համար, որի անհրաժեշտ պայմանները հավաքված են։

Ես  կուզենայի ձեզ հայտնել իմ գոհունակությունը ձեր քննարկումների արդյունքների առիթով, որոնք, որքանով ինձ հայտնի է, ի հայտ են բերել շատ հետաքրքիր նախաձեռնություններ:

Ես ջերմորեն ողջունում եմ նոր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու  ֆրանկոֆոն նախարարների ցանցի հիմնումը։

Ես երախտագիտությունս եմ հայտնում տնտեսական ֆորումի բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց,  ովքեր այս գեղեցիկ նախաձեռնությունների ակունքում են:

Ես կրկին մաղթում եմ բարի գալուստ Հայաստան ձեզ բոլորիդ,  ձեր ստեղծարար ու նորարար գաղափարներին և  վերահաստատում եմ, որ դրանք կգտնեն  Հայաստանի Հանրապետության աջակցությունը։

Շնորհակալություն»:

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]