Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Երևանն իր ողջ հմայքով ներկայացել է «Երևանը երևանցիների աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսում


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին և նոր Երևանն իր ողջ հմայքով` գեղատեսիլ վայրերով, հանրահայտ ստեղծագործողներով, քաղաքի դեմքն ու դիմագիծը ներկայացնող անձանցով, իրադարձություններով, սիրով ու ջերմությամբ արտացոլվում է «Երևանը երևանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսում: Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց հոկտեմբերի 10-ին «Թեքեյան» կենտրոնի պատկերասրահում:

«Ցուցադրված է 37  հեղինակի մոտավորապես 110 կամ 114  աշխատանք: Ներկայացված են ոչ միայն ժամանակակից, այլև 20-րդ դարասկզբին գործունեություն ծավալած լուսանկարիչների գործեր: Ցուցահանդես այցելած օտարերկրացիները, դիտելով ցուցանմուշները, փաստեցին, որ այլ տեսանկյունից են ընկալել և ճանաչել Երևանը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց լուսանկարիչ Արմեն Ենգոյանը:

Ենգոյանը ցուցադրել էր համացանցում լայն տարածում և ճանաչում ստացած  իր հեղինակային «Կինը միշտ կին է մնում», «Առճակատում» և այլ լուսանկարներ:

««Վեր բարձրացնող բազուկներ» լուսանկարը արվել է  ապրիլին` հեղափոխության օրերին:  Լուսանկարում  ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն է` ժողովրդի ձեռքերի վրա: Դա այն ժամանակ էր, երբ  նրան կալանավորելուց հետո բաց էին թողել: Ժողովուրդը ոգևորված գրկել էր Փաշինյանին»,- պատմեց Ենգոյանը:

Լուսանկարիչ և ցուցահանդեսի համադրող Վահան Քոչարը շեշտեց, որ իր աշխատանքներից բացի, ցուցադրված են նաև հոր` Անդրանիկ Քոչարի գործերը:

«Ընդգրկել ենք երևանյան հին և նոր արժեքավոր լուսանկարներ: 24 տարեկանում զոհված լուսանկարիչ  Վարազդատ Բորեցյանի աշխատանքներն են շատ տպավորիչ: Նա 1915  թվականին Վանից է եկել և եղել է Մատենադարանի առաջին լուսանկարիչը: Հրաշալի աշխատանքներ են «Ջուր ծախող տղան», «Թել մանող կինը Կոնդում»: Լուսանկարներից մեկում Շուստովի Երևանի  գինու և կոնյակի գործարանն է, որտեղ մարդիկ  բոբիկ խաղող են ճմռում: Դա 1910  թվականի լուսանկար է: Ներառվել է նաև Մաշտոցի պողոտայի շինարարությունը և այլ աշխատանքներ»,- ներկայացրեց Քոչարը:

Նա նշեց, որ իր համար Երևանը միայն շենքերը, գեղատեսիլ վայրերը կամ քաղաքի խորհրդանիշները չեն: Լուսանկարչի համար Երևանը հարուստ է  մարդկանցով. դատարկ քաղաքը քաղաք չէ:

Վահան Քոչարը խոստովանեց` Երևանի 2800-ամյակի կապակցությամբ ցանկացել են մեծ նախաձեռնություն իրականացնել և 2800 լուսանկար ցուցադրել Էրեբունի փողոցի ողջ երկայնքով: «Ուզում էինք փողոցի ամեն մայթում 1400  լուսանկար ներկայացնել: Որոշվել էր լուսանկարները բաժանել Էրեբունու ժողովրդին:  Բայց  այդ նախաձեռնությունը բավականին դժվար է կյանքի կոչել, սակայն մենք դեռ չենք կորցնում մեր հույսը»,- եզրափակեց լուսանկարիչը:

Ցուցահանդեսն իրականացավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ` ի դեմս կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ