Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 25 անձ

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ 
տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 25 անձ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած 25 անձի ինքնություն, ովքեր ներգրավվել են որպես մեղադրյալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախնական քննության տվյալներով՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում չարաշահումները կրել են տևական բնույթ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը: Իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է դրանց մեխանիզմը, այն է՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակում, ձևակերպվել ապօրինի նպաստներ, իսկ փոխանցված գումարը՝ յուրացվել:

Նախնական տվյալներով ՝ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 587.400.000 ՀՀ դրամ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, նշված առերևույթ հափշտակությունները կատարելիս, առանձին դեպքերում համագործակցել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ 25 անձի առնչության վերաբերյալ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 19-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ նշված գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամ: Ա.Ղարաքեշիշյանի և գործակալության աշխատակից հանդիսացող մյուս մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]