Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական ֆորումի մասնակիցներին տպավորել են հայկական արտադրանքն ու տեխնոլոգիաները


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում «Թումո» կենտրոնում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է առաջին տնտեսական ֆորումը: Ֆորումի առաջին մասի, արդյունքների ու սպասելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի հետ:

- Տիկին Ադամյան, տնտեսական ֆորումի առաջին հատվածն ավարտվեց: Ինչպե՞ս կգնահատեք այս միջոցառման մեկնարկը:

- Իմ անձնական տպավորությունը բավական լավն է, որովհետև ես տեսնում եմ մարդկանց, ովքեր քննարկում են և փորձում են գտնել համագործակցության եզրեր, սա ֆորումի հիմնական նպատակն է: Մենք ուզում ենք ֆրանկոֆոն տարածքում ամրապնդել և ուժեղացնել գործարար շրջանակների համագործակցությունը: Ինձ համար շատ ուրախալի է տեսնել հատկապես մարդկանց շփումները: Այս առումով կարծում եմ՝ մենք մեր նպատակին հասել ենք: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք որպես մեր ֆորումի առանցք ունենք ինովացիան: Այն ներկայացված է թե պարոն Պուզանի մասնակցությամբ, որովհետև նա եղել է այն մարդկանցից մեկն, ով հիմք է դրել այդ ինովացիային՝ համացանցին, և Սոֆյան, ով այդ երկար ճանապարհի արդյունքում է ստեղծվել: Նրանց մասնակցությամբ մենք ցանկանում էինք ցույց տալ այդ պատմությունը՝ ինչ է եղել, ինչպես է սկսվել և ուր ենք մենք հասել այսօր: Սոֆյայի միջոցով ցույց տվեցինք՝ ուր ենք հասել: Փակման արարողության ժամանակ արդեն կխոսենք ապագայից:

- Ֆորումից հետո Հայաստանը կարո՞ղ է ներդրումների սպասել: Մասնակից երկրներից մի քանիսի հետ հնարավո՞ր է այդպիսի հուշագրեր կնքվեն:

-Մեր հիմնական նպատակը, որպես հյուրընկալող երկիր, բնականաբար այս ամբողջ գործընթացը ի նպաստ Հայաստանի ուղղորդելն էր: Քանի որ մեր ֆորումը միայն այս օրով չի ամփոփվում, մենք երեկ ունեինք բիզնես այցեր, մեր մասնակիցներն իրենց նախընտրությամբ այցելեցին DigiTech Expo, Արարատ կոնյակի գործարան, ծանոթացան մեր արտադրանքին, խմիչքներին ու նաև տեսան բարձր տեխնոլոգիաներում այն ամենն ինչ մենք ունենք առաջարկելու, ասեմ, որ շատ  տպավորված էին: Դեռ երեկվանից սկսած ինձ մոտեցել են տարբեր մարդիկ և մենք քննարկել ենք կոնկրետ ծրագրեր: Ես չեմ սիրում այս փուլում բարձրաձայնել ծրագրերը, որովհետև դրանք դեռ մտքեր են: Ցանկացած նմանատիպ ֆորում պիտի տա մեկնարկը: Մենք այսօր չենք ամփոփելու ֆորումն ու ասենք, որ այսինչ չափի ներդրում մտավ Հայաստան: Ես կարծում եմ, որ այս ֆորումի արդյունքում մենք պետք է կարողանանք գտնել ճիշտ մարդկանց, շարունակել համագործակցել, յուրաքանչյուրին ունենալ անհատական մոտեցում, հասկանալ իրենց և ՀՀ-ի կարիքներն ու, թե որտեղ այդ երկուսը կարող են խաչվել: Դրա արդյունքում կծնվեն գաղափարներ, որոնք կլինեն փոխշահավետ ու զարգացնելով կդառնան կոնկրետ ներդրումային ծրագրեր: Վստահ կարող եմ ասել, որ կան մարդիկ, ում հետ կոնկրետ ծրագրերից ենք խոսում:

- Սոֆյան իր խոսքում հույս հայտնեց, որ շուտով մարդիկ ու արհեստական ինտելեկտը կսկսեն ապրել միասին: Մարդկանց մի մասի մոտ մտավախություն կա, որ ռոբոտները կսկսեն փոխարինել մարդկանց: Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է արհեստական ինտելեկտի նկատմամբ:

- Ես ինովացիայի նկատմամբ շատ դրական մոտեցում ունեմ: Նմանատիպ վախեր ընդհանրապես չունեմ, որովհետև մարդն է, որ ստեղծում է այդ ռոբոտներին: Եթե մի կողմ դնենք հոլիվուդյան սարսափ ֆիլմերն ու նայենք ապագային, կարծում եմ, որ մարդկությունն իր զարգացման ուղիով գնում է այն ուղղությամբ, որ այն, ինչ վերաբերում է ստեղծագործ լինելուն, նոր գաղափարների ծննդին և այլն, այս տեսակի աշխատանքը միշտ անելու է մարդը, իսկ այն աշխատանքը, որը կարելի է ավտոմատացնել, որով կարելի է նաև թեթևացնել բուն մարդկության կյանքը, անելու են ռոբոտներն ու ավտոմատացված համակարգերը: Սա բնական ու նորմալ զարգացում է, և ես նմանատիպ վախեր չունեմ:

Նորայր Շողիկյան




Այս թեմայով

... վերջին լուր "Ֆրանկոֆոնիա" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ