Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

«Սոսե» կինոփառատոնի կազմակերպիչները կինոդիտումներ են իրականացնում մարզերի կինոթատրոններում


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, ինչպես և խոսացել էին, սկսել են կինոդիտումներ իրականացնել մարզերի մոռացության մատնված կինոթատրոններում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կինոփառատոնի կազմակերպիչները մտադիր են այդպես պատասխանատուների ուշադրությունը հրավիրել չգործող կինոթատրոննների խնդրին և բարձրացնել դրանք  գործարկելու հարցը։ Մյուս կողմից փառատոնի կինոցուցադրությունները նպատակ ունեն մայրաքաղաքում ապակենտրոնացած մշակույթը տեղափոխել մարզեր։  

Օրեր առաջ Դիլիջանի «Դիլիջան» կինոթատրոնում հերթական ցուցադրությունն անցել է բազմամարդ դահլիճում։ Այստեղ մոտ 20 տարի կինոցուցադրություն չի եղել, թեև, որքան էլ զարմանալի է, չգործող կինոթատրոնն ունի լավ պահպանված դահլիճ և կինոէկրան, ինչի մասին մայրաքաղաքի չգործող շատ կինոթատրոններ միայն երազել կարող են։ Կինոփառատոնի շրջանակում «Դիլիջան» կինոթատրոնում ցուցադրվել են Ռոման Ժիգալովի /ՌԴ/ «Անտառը» լիամետրաժ և «Միգուցե վաղը» /Մարտին Իլիև, Բուլղարիա/, «Դանիէլ» /Կարօ Պէրպէրեան, Մեծ Բրիտանիա/,  «Բարի օր» /Դաշա Չարուսա, ՌԴ/, «Թևեր» /Զուրաբ Ժիժիլավա, ՌԴ/, «Մայիսյան օր» /Օլիվիե Մեգիս, Ֆեդրիկ դե Բոլ, Բելգիա/ կարճամետրաժ ֆիլմերը։

Եղեգնաձորի «Արագիլ» կիոթատրոնում պատկերը այլ է՝ այստեղ հնարավոր չէ ներսում կազամակերպել կինոցուցադրություն, այդ պատճառով կինոփառատոնի կազմակերպիչները ցուցադրությունները տեղափոխել են կինոթատրոնի հարակից հրապարակ։ Բացօթյա կինոցուցադրությունները այս դեպում ևս մոռացված ու կիսաքանդ «Արագիլ» կինոթատրոնի մասին հիշեցնելու նպատակով են։ Այստեղ հոկտեմբերի 2-ին ցուցադրվել են «Մշուշոտ պաստելային նկարչություն» /Սևադա Ուսանողլու, Թուրքիա/, «Կավ․սեր» /Այգուլ Ախամբիևա, Ղազախստան/, «Ընտրության խնդիր» /Ալեքսանդր Դրոզդով-Տիխոմիրով, ՌԴ/, «Ռուսական մահ» /Վլադիմիր Միրզոև, ՌԴ/, «Հինգշաբթի» / Սուրո կրտսեր, ՌԴ/ կարճամետրաժ ֆիլմերը։

«Սոսե» կինոփառատոնին մարզային ցուցադրությունների ընթացքում աջակցում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Եղեգնաձորի կինոցուցադրությանը ներկա է եղել նաև Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանը։ Նրա կարծիքով «Սոսե»-ի՝ մարզերում կինոցուցադրություններ կազմակերպելու նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է ոչ միայն չգործող կինոթատրոնների վրա ուշադրություն սևեռելու, այլև ընդհանրապես մարզերում մշակութային կյանքը ակտիվացնելու ուղղությամբ։ 

«Եթե մենք ուզում ենք, որ երկիրը հավասարաչափ զարգանա, պետք հավասար իրավունքներ ունենան բոլոր մարզերի, քաղաքների ու համայնքների բնակիչները, այդ թվում նրանց հասանելի դարձնենք մշակութային միջոցառումները։ «Արագիլ» կինոթատրոնը մշտապես հանդիպումների խորհրդանշական վայր է եղել, ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ՝ կինոթատրոնի դիմաց տեղի ունեցավ «Սոսե» կինոփառատոնի, հանդիսատեսի ու կինոյի հանդիպումը»,- նշել է Ն․ Ասատրյանը։

«Սոսե» կինոփառատոնին մարզային ցուցադրությունների ընթացքում աջակցում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ