Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հակասահմանադրական իրավիճակը հանգուցալուծելու հրամայականը

Հակասահմանադրական իրավիճակը հանգուցալուծելու հրամայականը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խիստ անհրաժեշտություն է: Սա ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական կայունությունն անհրաժեշտ է կամ այդպես է ցանկանում հասարակության գերակշիռ մեծամասնությունը, իսկ արտահերթ ընտրությունների անցկացման դրույթն էլ ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրում (որը հաստատել է ԱԺ-ն), այլ որովհետև տևական ժամանակ Հայաստանում հակասահմանադրական իրավիճակ է:

Այսպես, ՀՀ Սահմանադրությունը, միաժամանակ՝ ՀՀ Ընտրական օրենսգիրքը, ԱԺ կանոնակարգ-օրենքը՝ որպես սահմանադրական օրենքներ, առանձնացնում են «կայուն խորհրդարանական մեծամասնություն» հասկացությունը: Այդ մեծամասնությանն էլ այսօր վերապահված է կառավարության ձևավորման իրավունքը: Ընդ որում՝ «կայուն խորհրդարանական մեծամասնության» ձևավորումը ՀՀ Սահմանադրությունը համարում է պարտադիր: Հայաստանում, սակայն, 2018թ. ապրիլ-մայիս ամիսներից խորհրդարանում կայուն մեծամասնություն, որպես այդպիսին, չկա: Ընդհանրապես, ԱԺ-ում օրենսդիր իշխանության ղեկին մի ուժ է՝ ՀՀԿ-ն, որը միաժամանակ իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանության ղեկին միանգամայն այլ ուժ է, որի ներկայացուցիչներն ԱԺ-ում բացարձակ փոքրամասնություն են կազմում:

«Կայուն խորհրդարանական մեծամասնություն» հասկացությունը սահմանված է ՀՀ ԸՕ 97-րդ հոդվածում: Ըստ այդմ, «կայուն խորհրդարանական մեծամասնություն» ունենալու համար խմբակցության կամ կոալիցիա կազմելու մասին հայտարարած խմբակցությունների մանդատները պետք է լինեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 54 տոկոսի չափով: Գործող ԱԺ-ն կազմված է 105 պատգամավորից, և կայուն մեծամասնություն է համարվելու համար անհրաժեշտ է 57 պատգամավոր: Այսօր, սակայն, ԱԺ-ում որևէ խմբակցություն չունի կայուն մեծամասնություն:

ՀՀԿ-ն, որ թավշյա հեղափոխության արդյունքում հեռացվեց գործադիր իշխանության ղեկից, ԱԺ-ում դեռ թվաքանակով ամենամեծ խմբակցությունն է։ Միաժամանկ, կուսակցությունը վաղուց չունի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսի չափով ներկայացվածություն: Ավելին, ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հոկտեմբերի 9-ին տարածել է հաղորդագրություն, տեղեկացնելով, որ իրենք դեմ չեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, չեն առաջադրի վարչապետի որևէ թեկնածու: ԱԺ մյուս խմբակցությունները ևս չեն կազմի կայուն մեծամասնություն. «Ելք»-ը Փաշինյանի կառավարության մաս է, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման արդյունքում ստորագրված հուշագրով պարտավորվել է աջակցել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը: ՀՅԴ խմբակցությունը դեռ պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել, բայց չի փորձի խոչընդոտել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, գոնե` նման եզրակացության կարելի է հանգել այս պահին արտահայտված դիրքորոշումներից:

Այնպես որ, Հայաստանում ըստ էության բացակայում է կառավարության կայունությունը երաշխավորող «կայուն խորհրդարանական մեծամասնությունը»։ Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածը պարտադիր է համարում ԱԺ-ում կայուն մեծամասնության ձևավորումը. «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ…»։

ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածում էլ նշված է, թե ԱԺ-ում որոնք են համարվում կառավարող, որոնք՝ ընդդիմադիր խմբակցություններ. «Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր: Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր: Եթե կառավարող խմբակցության ղեկավարն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագրից դուրս գալու վերաբերյալ հայտարարությամբ, ապա այդ պահից խմբակցությունը համարվում է ընդդիմադիր»:

Այս համատեքստում խորհրդարանում ստացվում է հետաքրքիր պատկեր. կառավարության կազմում «Ելք» խմբակցությունն է, բայց նրանք ԱԺ-ում չունեն 54 տոկոս ներկայացվածություն, հետևաբար՝ չեն համարվում կառավարող: Ժամանակին կառավարող խմբակցությունը՝ ՀՀԿ-ն, որի շարքերն օրեցօր նոսրանում են, հայտարարել է իրեն ընդդիմադիր, միաժամանակ պահպանում է օրենսդիր իշխանության լծակները՝ ԱԺ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները: Դասական իմաստով ընդդիմադիր են «Ծառուկյան դաշինք» և ՀՅԴ խմբակցությունները, որոնց նախարարներին հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից հետո աշխատանքից ազատելու առաջարկ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ հաջորդ օրը ստորագրեց համապատասխան հրամանագրերը: Նրանք էլ միասին տնօրինում են 38 մանդատ:

Ինչևէ, միայն օրենսդրական հակիրճ վերլուծությունն իսկ փաստում է ՀՀ-ում սահմանադրական ճգնաժամը, որը կարող է լուծվել բացառապես ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով: Այլընտրանքը կարող է լինել պետության և պետականության հիմքերի խարխլումը: 

Արման Գալոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]