1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի  անցկացումը Հայաստանում ցույց է տալիս պետության կարողությունները. ՀՀ ԱԳ նախարար

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի  անցկացումը Հայաստանում ցույց է տալիս 
պետության կարողությունները. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ի ցույց է բերում պետության կարողությունները: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կարծիքով՝ ներքաղաքական զարգացումներից անմիջապես հետո դրսևորվեց քաղաքական կամքը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը լավագույնս ապահովելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Մնացականյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես շատ հպարտ եմ, որ սա ցույց է տալիս մեր պետության կարողությունները: Անկախ ներքաղաքական զարգացումներից՝ անմիջապես դրսևորվեց քաղաքական կամք՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը լավագույն ապահովելու համար: Դա կառավարության առաջին որոշումներից էր մայիսին: Ողջ համակարգը վերադասավորվեց, վարչապետի գլխավորությամբ, փոխվարչապետի համակարգմամբ ողջ համակարգն աշխատում էր շատ ակտիվ այսօրվա համար: Այսօր ի ցույց են բերվում մեր պետության կարողությունները, որ մենք կարող ենք նման մեծ ծավալի միջազգային միջոցառում կազմակերպել Հայաստանում»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը կատակեց՝ այս ամենը ցույց տվեց, որ Հայաստանում կարելի է անցկացնել նաև Օլիմպիական խաղերը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերից մեկը:

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում անցկացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը: Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Կներկայացվեն արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաև ազգային խոհանոցը: Բացմանը նախատեսված են ելույթներ, երաժշտական կատարումներ, այց Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներ:

Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 9-12-ը, Ծաղկաձորում։ Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ-ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Այս շատ արդիական թեման հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձևերը և ԶԼՄ-ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիքների ձեւավորման գործում։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:

Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում ժամը 19:30-ին կանցկացվի գալա համերգ, որի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը: Հոկտեմբերի 11-12 կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կմեկնարկի բացման հանդիսավոր արարողությամբ: Գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը եւ զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]