Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բուխարեստում և Ռումինիայի հայոց թեմի ծխերում կայացել են Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի միջոցառումներ և հոգեհանգստյան կարգ

Բուխարեստում և Ռումինիայի հայոց թեմի ծխերում կայացել են Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի միջոցառումներ և հոգեհանգստյան կարգ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի տնօրինությամբ թեմի հայոց եկեղեցիներում հոկտեմբերի 7-ին, կատարվել են հոգեհանգստյան կարգեր և հիշատակի միջոցառումներ` ի հիշատակ ՀՀ Ազգային հերոս, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի հայոց թեմի մամուլի դիվանից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Բուխարեստում պատարագիչն էր Թեմակալ Առաջնորդը, ով իր խոսքում անդրադարձավ անվանի հայի` Շառլ Ազնավուրի կյանքի ուղուն, հայրենանվեր ու ազգասեր գործունեությանը` ի մասնավորի նշելով. «Աշխարհահռչակ շանսոնյեի կորուստը սգում է այսօր ամբողջ աշխարհը, համայն հայությունը, ողջ Ֆրանսիան և իր հարյուր միլիոնավոր լսարանը, քանզի Շառլ Ազնավուրը համամարդկային երևույթ է, իր ստեղծած արժեքներն ու ստեղծագործությունները համամարդկային և համընդհանուր նշանակություն ունեն բոլոր սերունդների համար: 20-րդ դարի լեգենդներից ևս մեկը անցավ հավերժության գիրկը` թափուր թողնելով այն գահը, որի վրա այլևս որևէ մեկը չի կարողանա բազմել: Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, հատեց սահմաններ ու դիպավ յուրաքանչյուրիս սրտի նուրբ լարերին:

Անգնահատելի և անչափելի է այն մեծ սերն ու նվիրումը, որ մաեստրոն ուներ դեպի հայ ժողովուրդը և Մայր Հայրենիքը: Հայ ժողովրդի արժանավոր զավակը բոլոր ժամանակներում, թե ուրախության և թե վշտի, թե կորուստների և թե նվաճումների պահերին եղել է իր ժողովրդի կողքին` հպարտանալով իր ինքնությամբ և ազգային արժեքներով, միևնույն ժամանակ աշխարհին մատուցելով դրանք և ծանոթացնելով հայի տեսակի հետ: Տարատեսակ փորձությունների ու աղետների միջով անցած հայ ժողովուրդը մշտապես զգացել է Շառլ Ազնավուրի ներկայությունն ու աջակցությունը` Արցախյան պատերազմ, ավերիչ երկրաշարժ, անկախություն և պետականության վերածնունդ, ամենուր և ամեն տեղ ներկա էր շանսոնյեն` անմնացորդ կերպով ծառայելով իր ժողովրդին, ջանք ու եռանդ չխնայելով նոր պետականության կերտման գործում` արժանի կերպով արժանանալով Հայաստանի Ազգային Հերոսի բարձրագույն կոչմանը: Մեր աղոթքն ենք բարձրացնում առ աստված տաղանդաշատ հայորդու հոգու հանգստության համար: Մեր խոնարհումն ենք բերում մեծն հայորդուն, հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը Ազնավուրների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Խունկ, աղոթք և բյուր օրհնություն մեծանուն հայորդու հիշատակին»:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն Շառլ Ազնավուրի հոգու հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև Ռումինիայի հայոց թեմի, Ռումինիայի հայոց միության և ՀՀ դեսպանության կողմից: Խոսքով հանդես եկան Ռումինիայի Կրոնների նախարար պարոն Վիկտոր Օպասկին, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, ընթերցվեց Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի խոսքը:

Հոգեհանգիստ կատարվեց նաև Կոնստանցայում` ձեռամբ տեղի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա խաչատրյանի, որից հետո ծաղիկներ դրվեցին Ս. Աստվածածին եկեղեցու պարտեզում Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված հուշարձանի առջև, կատարվեց մոմավառություն:

Հիշատակի միջոցառումներ և հոգեհանգիստ կատարվեցին նաև թեմի մյուս հայաշատ քաղաքներում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]