Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

«Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակիցները եղել են առաջնագծում. նրանք կստանան հալված փամփուշտներից պատրաստված զարդեր


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացողները կստանան զարդեր` պատրաստված հալված փամփուշտից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Արցախում, առաջնագիծ այցելության շրջանակում  հայտարարեց Աննա Հակոբյանը, հավելելով, որ հալված փամփուշտներից պատրաստված զարդերը կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի խորհրդանիշը:

«Պարզվում է՝ Երևանում կա վարպետ, ով զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից: Ես չգիտեի, և իմացել եմ այս մասին վերջերս: Իմացա և մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը, և յուրաքանչյուր կին, ով կմիանա արշավին, կստանա նման զարդ»,- ասաց Աննա Հակոբյանը, ով այցելության ընթացքում կրում էր հալված փամփուշտից զարդ:

Վարչապետի տիկինը վստահեցրեց, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները: «Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունն ու կդառնա ընդամենը զարդ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել: Սա, իհարկե, սիմվոլների լեզու է, բայց իրականությունից հեռու չէ»,-նշեց նա:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության » արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է հուլիսի 24-ին Մոսկվայում:

Արշավի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ