1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում Նիկոլ Փաշինյանը 
մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի ազգային հերոս, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է սուգ:

Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը: Արտերկրում ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ: Հայաստանում ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները վերանայում են իրենց եթերային ցանկը, չեն ցուցադրվում զվարճալի եւ ժամանցային հաղորդումները, երկրում չեղյալ են համարվում ժամանցային միջոցառումները:

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12.00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի, կհնչեցվեն Երևանի բոլոր եկեղեցիների, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ և Մասիսի Ս. Թադեոս եկեղեցիների զանգերը և կկատարվի Հոգեհանգստյան կարգ:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը կանցկացվի Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Լամորի համայնքում:

Հոկտեմբերի 5-ին Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվեց հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: Ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]